Գյումրիի նորակառույց «Մուշ 2» թաղամասը շահագործման է հանձնվել անցած տարի, սակայն մինչեւ այսօր թաղամասի բնակիչները դեռեւս չեն հարմարվում պայմաններին: Բնակարանային խնդիրներից զատ, շատ այլ անհարմարություններ են թվարկում տնակներից նորակառույց շենքեր տեղափոխված մարդիկ:
«Մի քանի ամիս շարունակ բնակարանային թերություններն էինք հարթում: Իբր բնակարան կառուցեցին ու տվեցին մեզ, բայց նոր բնակարաններում ծեփերը թափվում է, իրենց երեսպատած բոլոր սալիկները թափվում են»,-դժգոհել է նորակառույցի բնակիչներից Ասյա Վարդանյանը, ով բնակարան է կորցրել 1988թ-ի երկրաշարժի հետեւանքով ու շուրջ 20 տարի բնակվել է տնակային պայմաններում:
Ըստ բնակչի, երկար սպասումներից հետո նրան կառավարությունը փոխհատուցել է բնակարանով, սակայն նա պնդում է, որ տնակում ապրելն ավելի հարմարավետ է եղել: Խնդիրն այն է, որ հասարակական տրանսպորտից օգտվելը բավականին դժվար է «Մուշ 2» թաղամասում:
Բնակիչ Վարդան Սուքիասյանը «Մուշ-2» է տեղափոխվել բնակարան ստանալու առաջին իսկ օրվանից, բայց մինչ օրս տրանսպորտի առումով ոչինչ չի փոխվել; «Միայն մի երթուղի է աշխատում, 50 համարի միկրոավտոբուսը: Դրանից օգտվել նշանակում է մոտ կես ժամ սպասել կանգառում»,-բողոքել է Վարդան Սուքիասյանը: Նրա խոսքով, «Մուշ-2»-ում խանութներ, սպասարկման այլ կենտրոններ չկան:
«Երբ մեզ ուղարկեցին «Մուշ», խոստանում էին, որ շուտով թաղամասը բնակիչների համար կդառնա համեմատաբար ավելի հարմարավետ»,-ասել է Վարդան Սուքասյանը, ով բողոքել է, որ ամեն մի մանր խնդրի համար ստիպված են մեկնել կենտրոն ու դրա համար մոտ կես ժամ սպասել տրանսպորտի:




























