Նիդերլանդների Ալմելո քաղաքում հուլիսի 3-ին տեղի է ունեցել «Հոլանդիայի հայկական դպրոցների հարթակի» մեկնարկի արարողությունը, որին բացման խոսքով հանդես է եկել Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Կրթական հարթակը հիմնվել է Ալմելոյի, Նայմխենի եւ Ասենի կիրակնօրյա դպրոցների նախաձեռնությամբ` հայազգի երեխաների կրթությունն ավելի բարձր որակով կազմակերպելու եւ միասնական ծրագրով իրականացնելու նպատակով:
Դեսպան Աղաջանյանը ողջունել է հոլանդահայ դպրոցների միջեւ միասնական հարթակի հիմնումը, որը կօգնի փորձի փոխանակման, կրթական ծրագրերի համադրման ու բարելավման միջոցով առավել որակյալ կրթություն ապահովելու հայազգի աշակերտների համար: Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ հայի ինքնությունը ձեւավորելու գործում կրթությունը մշտապես իր անուրանալի դերն է ունեցել, իսկ օտար ափերում`դարձել ինքնության պահպանման ամենահզոր միջոցը:
Դեսպանը հորդորել է ծնողներին ջանք ու եռանդ չխնայել իրենց երեխաներին հայեցի կրթության ու դաստիարակության հնարավորություն ապահովելու համար, ինչը հնարավոր է միայն գործող դպրոցներին շարունակական աջակցություն ու օժանդակություն ցուցաբերելու միջոցով:
Դեսպան Աղաջանյանը հույս է հայտնել, որ Հոլանդիայի մյուս համայնքներում ձեւավորվող դպրոցները եւս մոտ ապագայում կմիավորվեն «Հոլանդիայի հայկական դպրոցների հարթակի» ներքո:
Միջոցառմանը գեղարվեստական համարներով հանդես են եկել Ալմելոյի, Նայմխենի եւ Ասենի դպրոցների սաները եւ նորաստեղծ «Զարթոնք» պարային համույթը:




























