Մինչեւ շաբաթվա վերջ հայտնի կլինի այն տարածքը, որտեղ կկառուցվեն երիտասարդ լրագրողների համար նախատեսված բնակարանները: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ շրջանավարտների միավորում հ/կ-ի նախագահ Արսեն Քարամյանը: Մինչեւ 2013թ փետրվարը «Բնակարաններ երիտասարդ ընտանիքներին» ծրագրի շրջանակներում  բնակարաններով կապահովեն երիտասարդ լրագրողների, մանկավարժների, բժիշկների եւ մարզիկների:

Արսեն Քարամյանի խոսքով` դիմումներ են ստացել 74 լրագրողներից, 104 մանկավարժներից, 145 բժիշկների, 9 մարզիկներից եւ 242 երիտասարդ գիտնականներից: «Սոցիալական նշանակության բնակֆոնդը շուկայականից էժան է 2,1 անգամ, բնակֆոնդը ամբողջովին վերանորոգված է, պիտանի միանգամից բնակության համար»,- ասաց Արսեն Քարամյանը` հավելելով, որ 1 քմ-ն արժե 185 հազար դրամ: Նրա խոսքով`ցածր գին առաջարկելուց զատ նրանք նաեւ լրացուցիչ ֆինանսական գործիք են տրամադրում, այսինքն` շահառուները հնարավորություն են ունենալու մրցույթում հաղթած բանկի միջոցով ձեռք բերել մատչելի հիպոթեքային վարկեր` տարեկան 9,5-10 տոկոսադրույքով, մինչեւ 20 տարի մարման ժամկետով եւ 20 տոկոս կանխավճարով:

Հիպոթեքներ տրամադրելիս բանկը հաշվի է առնելու վարկունակությունը, վերջին 3 տարիներին մասնագիտությամբ աշխատելը եւ հիմնավորված եկամուտները: Կառուցվելու է մոտ 300 բնակարան եւ կա 450 դիմում, 150 հոգի սպասողների ցուցակում կլինեն եւ եթե ինչ-որ մեկն անվճարունակ ճանաչվի, ապա կընդգրկվեն սպասողների ցուցակում հայտնվածները: