Ամառվա տոթ եղանակին արեւահարվելուց եւ սննդային թունավորումներից զերծ մնալու համար պետք է խուսափել ժամը 12։00-17։00-ի սահմաններում արեւի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց եւ ոչ թարմ սննդամթերք օգտագործելուց։ Հուլիսի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հիշեցրեց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը։
«Արեւի ուղիղ ճառագայթների տակ մնալը կարող է պատճառ հանդիսանալ մաշկային նորագոյացությունների՝ մելանոմաների, տարբեր կարգի այրվածքների եւ ֆոտոալերգիկ երեւույթների։ Վտանգավոր երեւույթներից զերծ մնալու համար պետք է արեւապաշտպան ակնոցներ, գլխարկներ եւ բամբակե հագուստ կրել։ Ընդ որում, առավել ռիսկային խմբում կանայք, երեխաները եւ խրոնիկ հիվանդություններով տառապողներն են։ Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից բացի սիրտ-անոթային եւ այլ տեսակի հիվանդությունների սրացումների պատճառ կարող է դառնալ զուտ ջերմային գործոնը։ Շոգ եղանակին մարդկանց մոտ նկատվող բարձր քրտնարտադրության հետեւանքով հնարավոր են օրգանիզմի ջրազրկումներ: Այդ է պատճառը որ պետք է հնարավորինս շատ հեղուկ՝ գերադասելի է ջուր օգտագործել։ Պետք է զերծ մնալ կոֆեին եւ շաքար պարունակող խմիչքներից, ոչ թարմ խմորողենից, մսամթերքից եւ հատկապես չստուգված որակի լցնովի պաղպաղակներից»,- նկատեց Վանյանը։
Լրագրողներից մեկի հարցին, գրանցվե՞լ են արդյոք վերջին տարիներին Հայաստանում շոգից մահացության դեպքեր, ոլորտի պատասխանատուն նշեց, որ` ոչ։
Ներկաները հետաքրքրվեցին նաեւ, թե կա՞ արդյոք ՀՀ օրենսդրությունում կետ, որը նախատեսում է աննախադեպ շոգի դեպքում գործատուի կողմից աշխատանքի ժամանակավոր դադարեցում եւ իր աշխատակիցներին արձակուրդ տրամադրելու պարտավորություն, ինչին Վանյանը բացասական պատասխան տվեց։




























