Ծաղկաձորում, հունիսի 27-ից հուլիսի 1-ը տեղի է ունեցել կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: Դրանց մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու հայաստանյան թեմերի ավելի քան 70 կիրակնօրյաների շուրջ 150 ուսուցիչներ:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ թեմերի ներկայացուցիչները մասնակիցներին ծանոթացրել են թեմերի կիրակնօրյա դպրոցների ընդհանուր գործունեությանը եւ նախընթաց ուսումնական տարվա ձեռքբերումներին:

Մեթոդական բնույթի դասախոսություններին հաջորդել են խմբային աշխատանքներ:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության եւ «Վորլդ Վիժն»-ի կողմից ուսուցիչներին հանձնվել են հոգեւոր գրականություն եւ նվերներ: Հունիսի 30-ին ուսուցիչներին հյուրընկալվել է Վազգենյան հոգեւոր դպրանոցի քառաձայն երգչախումբը:

ՔԴԿ տնօրենը տեղեկացրել է, որ  Հայաստանի տարբեր թեմերում վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ 20 կիրակնօրյա նոր դպրոցներ են հիմնվել, ինչպես նաեւ ուսուցչական կազմը համալրվել է երիտասարդներով:

Նշենք, որ դասընթացները կազմակերպել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնն ու «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունը: