Ընդհանրապես տարվա այս եղանակին մեր տարածաշրջանում որոշակի չափով սկսում է ակտիվանալ սեյսմիկ գոտին, բայց որքան էլ զարմանալի է նաեւ մասնագետների համար, այս տարի սեյսմիկ ակտիվություն ռիսկային համարվող տարածքներում դեռեւս չի նկատվում, ինչն ինչ-որ չափով անհանգստանալու տեղիք է տալիս: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հյուսիսային բաժանմունքի գլխավոր սեյսմաբան Հեղինե Սարգսյանի խոսքով, վերջին շրջանում ակտիվ է Թուրքիայի Անատոլիական մասը, տեղի սեյսմոչափերը պարբերաբար թույլ ցնցումներ ու երկրաշարժեր գրանցում են նաեւ Ճապոնիայից, բայց ոչ կոնկրետ Շիրակի մարզից ու խոցելի օջախային գոտիներից:

Ակտիվ չեն Սպիտակի եւ Բայանդուրի օջախային գոտիները, անգամ թույլ ցնցումներ չեն  գրանցվել, ինչը մասնագետները մտահոգիչ են համարում: Թույլ ցնցումները եւ մինչեւ 3 բալանոց երկրաշարժերը կկանխեն հետագա վտանգը: Նշենք որ ՍՊԱԾ Հյուսիսային բաժանմունքի տեխնիկական հնարավորությունները, այն սարքավորումները, որոնք գրանցում են երկրաշարժերը, արդեն վաղուց փոփոխման ենթական են, տեխնիկական հնարավորությունների թարմացում առայժմ նախատեսված չէ: