Հայաստանի ֆինանսների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ 2012-2014թ.թ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

Միջինժամկետ կտրվածքով ծախսերի պլանավորումը Հայաստանում իրականացվում է 2003 թվականից: Այն ծառայում է որպես ուղեցույց տարեկան բյուջեների մշակման համար:

Ենթադրվում է, որ 2012 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի մոտ 350 մլն դոլար, 2013 թ. կնվազի մինչեւ 290 մլն դոլար, իսկ 2013 թ.` կդառնա  մոտ 320 մլն դոլար (հաշվարկը` ըստ 1 դոլար/370 դրամ փոխարժեքի):

2012-2014 թվականների իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար` 4.2, 4.5 եւ 4.8 տոկոսի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերը: Միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերականգնման վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները: