Այս տարվա սեպտեմբերի 1-ին Թբիլիսիում կտրուկ կկրճատվի ռուսաց լեզվի ուսուցումը: Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ, 40 դպրոցներից, որտեղ ռուսաց լեզվով ուսուցմամբ խմբեր կան, կմնան 20-ը: Մնացած դպրոցներում այդ խմբերը կվերացվեն:
Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինի խոսքով, դպրոցականների տեղափոխումը վրացական դպրոցներ, «կնպաստի նրանց ինտեգրացմանը հասարակության մեջ»,- հաղորդում է ռուսական «Կոմերսանտը»:
Նախարարությունում նշել են, որ ռուսական խմբերի կրճատման պատճառը բարձրագույն կրթություն ստանալու ձգտումն է:
«Օրենքի համաձայն, բուհերի ընդունելության քննությունները կազմակերպվում են պետական լեզվով` վրացերենով: Դրա համար էլ երեխաներն ընտրում են վրացերենը, որպեսզի կարողանան ընդունվել բուհեր»,- նշել են նախարարությունում:
Ինչ վերաբերում է նրան, որ դա կարող է էլ ավելի սրել վրաց-ռուսական հարաբերությունները, նախարարությունում ասել են. «Իսկ ի՞նչ առարկություններ կարող են ունենալ ռուսները: Չէ՞ որ Մոսկվայում, որտեղ ապրում են տասնյակ հազարավոր վրացիներ, վրացերենի ուսուցմամբ ոչ մի դպրոց չկա: Մա միայն մեկ դպրոց, որտեղ անցնում են վրացերենը որպես առարկա: Միաժամանակ, Վրաստանում կա երկու դպրոց, որտեղ բոլոր առարկաներն անցնում են ռուսերենով: Դա Թբիլիսիի թիվ 207 եւ 98 դպրոցներն են: Դրանք ոչ ոք չի փակում: Ընդամենը կրճտվում են վրացական դպրոցների ռուսական սեկտորները»:




























