Սպասվում է, որ նոյեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վիրտուալ գագաթնաժողով կանցկացնի իր չինացի գործընկեր Սի Ցզինպինի հետ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ե՛ւ CNN-ը, ե՛ւ Politico-ն, վկայակոչելով անանուն աղբյուրները, հայտնում են, որ հանդիպումը նախնական նախատեսված է երկուշաբթի օրը:

Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ հարաբերությունները վերջին շաբաթներին վատթարացել են, մասամբ՝ Թայվանի պատճառով: Վաշինգտոնը բազմիցս խոստացել է իր աջակցությունը Թայվանին, երբ ԱՄՆ-ն եւ Չինաստանը Գլազգոյի գագաթնաժողովին անսպասելիորեն համաձայնություն ձեռք բերեցին կլիմայի վերաբերյալ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ ասել էր, որ երկու նախագահները, որոնք անձամբ չեն հանդիպել հունվարին Բայդենի` պաշտոնը ստանձնելուց հետո, «շուտով» վիրտուալ բանակցություններ կանցկացնեն։

Պատասխանելով հանդիպման մասին հարցին՝ Չինաստանի ԱԳՆ-ն ասել է, որ երկու պետությունների ղեկավարները «պայմանավորվել էին հաճախակի կապ պահպանել տարբեր ձեւաչափերի միջոցով։

«Ներկայումս Չինաստանը եւ Միացյալ Նահանգները սերտ կապի մեջ են առաջնորդների գագաթնաժողովի վերաբերյալ կոնկրետ համաձայնագրի հարցով»,- ասել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը:

Բայդենն ու Սին երկու անգամ հեռախոսով զրուցել են այն բանից հետո, երբ դեմոկրատը Սպիտակ տուն տեղափոխվեց: Զույգը նաեւ շատ է հանդիպել, երբ Բայդենը Բարաք Օբամայի փոխնախագահն էր, իսկ Սին Հու Ցզինթաոյի փոխնախագահն էր:

Բայդենը հույս ուներ հանդիպել Սիի հետ Հռոմում G-20-ի վերջին գագաթնաժողովին, սակայն Չինաստանի առաջնորդը դուրս չէր գալիս երկրից Covid-19 համավարակի սկզբից ի վեր եւ փոխարենը համաձայնել էր վիրտուալ բանակցություններին մինչեւ տարեվերջ: