Հայաստանում մի իրավիճակ է ստեղծվել, երբ նույնիսկ կոռուպցիայի նվազեցումը կամ վերացումը կարող է հասարակության մեջ դժգոհության առիթ դառնալ:

Ծանոթներիցս մեկը պատմում էր, որ ցանկացել է տղայի վարորդական իրավունքը վերցնել մաղարիչով, սակայն իրեն ասել են, թե կաշառքի մասին պետք է մոռանալ, քննություններն անցնում են օրինական ու օբյեկտիվ: Այնուհետեւ ծանոթս փորձում էր համոզել, թե առանց կաշառքի քննությունն ավելի վատ է, քան կաշառքով քննությունը, որովհետեւ մեկ է` երեխան անգիր է անելու ու մոռանալու է: Մի քիչ մենթալիտետի խնդիր կա` քեզ ազատում են կոռուպցիայից, բայց դու միեւնույն է ` դժգոհում ես: Սա նաեւ ցույց է տալիս, թե որքան խորն է կոռուպցիան արմատակալած հասարակությունում, իսկ դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ են գրագետ քայլեր: Իսկ այլընտրանք չկա, քանի որ որքան թույլ է կոռուպցիան, այնքան ուժեղ է պետական ինստիտուտը, հարգանքը պետության նկատմամբ:

Կառավարության ռազմավարությունը հետեւյալն է` նախեւառաջ արմատական քայլերով նվազագույնի հասցնել կոռուպցիան պետական այն հաստատություններում, որտեղ բնակչությանը վճարովի ծառայություններ են մատուցում, սկսած նոտարներից, վերջացրած բժշկի թղթերով:

Զուգահեռ` վարչարարության համեմատաբար մեղմ կանոնակարգում է կատարվում հարկային, մաքսային ու ավելի «բարձր» ոլորտներում, որոնք ուղղակի վերաբերում են պետական մարմինների գործառույթներին:

Պետական վճարովի ծառայությունների ոլորտում իրականացված քայլերը դրական արդյունքներ տալիս են, ու դա կարող է հաստատել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի: Սկսենք հենց առաջին փորձից, որն էլ հավանաբար ոգեւորեց կառավարությանը` անձնագրերի տրամադրում, փոխանակում կամ ժամկետների երկարաձգում: Անձնագրային բաժիններում ամենուրեք նույն մարդիկ են աշխատում, սակայն աշխատաոճը լրիվ ուրիշ է` հստակ, քաղաքակիրթ ու առանց որեւէ ուշացման ու կոռուպցիոն ռիսկի: Հենց սա էլ դրդեց կառավարությանը` արագացնել հակակոռուպցիոն միջոցառումները այլ տեսչություններում:

Անշարժ գույքի կադաստրը, օրինակ, ավանդաբար համարվում է Հայաստանի ամենակոռումպացված մարմիններից մեկը: Համենայնդեպս` դա են ցույց տալիս քաղաքացիների շրջանում կատարված հարցումները: Ամեն տարի կադաստրի հետ մոտ 300 հազ. մարդ է առնչվում:

Այստեղ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք, ու այդ այդ լուծումը գտնվեց` սահմանափակել չափագրումների քանակը:

Այսուհետ`կադաստրը չափագրում ու տեղազննում է իրականացնում միայն առաջնային հարցման դեպքում, ինչն արդեն էապես հեշտացրել է առուվաճառքի գործարքի ձեւակերպումը: 2012 թ. համակարգում ավելի արմատական փոփոխություններ կկատարվեն` ընդհուպ էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրումը:

Շատ ավելի բարդ է խնդիրը նոտարների հետ կապված, հաշվի առնելով, որ նոտարը բարձր որակավորում ունեցող մասնագետ է, իսկ նրա գործառույթները  նաեւ մեծ պատասխանատվություն են ենթադրում, քանի որ առնչվում են անձնական կյանքի գաղտնիքներին:
Բայց հենց այս ոլորտում ամենաիսկական ստվերային համակարգ է` քաղաքացիների համար անհասկանալի վճարումների համակարգով:

Կառավարությունը հիմա պարտադրում է նոտարներին` տեսանելի տեղում փակցնել ծառայությունների համար անհրաժեշտ վճարների չափերը, կհեշտացվեն նոտար դառնալու համար անհրաժեշտ ընթացակարգերը: Այսինքն` նոտարների միջեւ պետք է ստեղծվի մրցակցություն, որն էլ խթան կհանդիսանա ծառայության որակի բարձրացման համար: Սակայն NEWS.am-ի հարցումները ցույց են տալիս, որ բարեփոխումներն այնքան էլ «տեղ չեն հասել», նոտարները շատ դժվարությամբ են համակերպվում նոր գաղափարներին:

Բավական աղմկահարույց էր տեխզննման կայանների հետ կապված արմատական փոփոխությունը: Ավտոմեքենաների տեխզննումը թվում էր` անհուսալիորեն թաղված է կոռուպցիայի մեջ: Կարելի էր տեխզննման կտրոնը վերցնել` առանց մեքենայից դուրս գալու, իսկ գնի վերաբերյալ սակարկությունները ընթանում էին բացահայտ: Նոր կարգով` բոլոր վճարումները կատարվում են բանկում, բանկից էլ ստացվում են տեխզննման կտրոնները:

Ու տեղզննման կայանը պետք է կաշվից դուրս գա, որպեսզի քաղաքացին այցելի իրեն: Սկզբունքը պարզ է` չկա շարժառիթ, չկա նաեւ կոռուպցիա:

Երկար տարիներ մենք սովորություն ունեինք պոլիկլինիկաներով վազվզել տարաբնույթ տեղեկանքներ վերցնելու համար: Սկսած նրանից, որ լողավազան այցելել կարելի էր միայն տեղեկանքով: Իրականում նման տեղեկանքների քանակը գերազանցում էր երկու տասնյակը: Աբսուրդ վիճակ էր, որ գոյություն ուներ տասնամյակներ շարունակ, զարմանալիորեն ոչ մեկի մտքով չէր անցնում այն վերացնել: Կառավարությունն ամռան շեմին որոշեց մեր քաղաքացիներին ձերբազատել լողավազանի տեղեկանք վերցնելու քաշքշուկից, դրա հետ մեկտեղ` այլեւս պարտադիր չէ պոլիկլինիկաներից այլ բնույթի բժշկի թղթեր վերցնելը:

Սակայն կառավարության մոնիտորինգը ցույց է տալիս, որ մարզային պոլիկլինիկաները դեռ շարունակում են բժշկի թուղթ տալ, թեեւ սա դժվար թե երկար տեւի: Մինչ այդ կառավարությունը վերացրել էր վարորդական իրավունքի համար փսիխոյի թուղթ ներկայացնելու պահանջը:

Եւ վերջապես` լիցենզավորման հետ կապված հարցերը: Այստեղ կառավարությունն ակնհայտորեն ավելի առաջ է գնացել, քան տնտեսվարողների պահանջներն են: Համենայնդեպս` էլեկտրոնային եղանակով կամ փոստով լիցենզիաների ստացման մշակույթը դեռ ձեւավորված չէ, թեեւ օրենսդրական փոփոխություններով դրա հնարավորությունները տրված են:

Բացի այդ` կառավարությունը լիցենզիաների վերագրանցման պահանջ դրեց, որն այնքան էլ տնտեսվարողների սրտով չէր:

Քաղաքաշինական լիցենզիաների կենտրոնում, օրինակ, ամռան շոգ օրերին կարելի էր հոծ հերթեր նկատել: Պարզվեց նաեւ, որ նախկին արխիվները համակարգչայնացված չեն, ինչը գործնականում անհնար է դարձնում լիցենզիայի ստացումը առանց կենտրոն այցելելու:

Սամվել Ավագյան