Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր` հուլիսի 11-ին որոշում է կայացրել, որ Ֆրանսիայի կառավարությունը խախտել է Եհովայի վկաների  իրավունքները՝ փորձելով սահմանել 60% հետադարձ հարկ 1993-1996թթ. Ֆրանսիայում Եհովայի վկաների կողմից կատարված բոլոր կրոնական նվիրաբերությունների համար։

Ֆրանսիայի կառավարությունը փորձում էր պարտավորեցնել Ֆրանսիայի Եհովայի վկաների կազմակերպությանը վճարել 58 միլիոն եվրո (82 մլն ԱՄՆ դոլար), ինչը զգալիորեն գերազանցում է ընկերության ողջ միջոցները, հաղորդում է «Եհովայի վկաներ» կազմակերպության ամերիկյան գրասենյակը:

Ըստ այդմ, նշվում է, որ Ֆրանսիայում ուրիշ ոչ մի խոշոր կրոնական կազմակերպություն երբեւէ չի ենթարկվել այդպիսի բարձր հարկման։

Դատարանը միաձայն որոշել է, որ կառավարության գործողությունների հետեւանքով խախտվել է Եհովայի վկաների կրոնի ազատությունը, որը երաշխավորված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։

Դատարանը որոշել է, որ վիճարկվող հարկի պատճառով ընկերությանն անհրաժեշտ ֆինանսական միջոցները կրճատվել են, ուստի այն այլեւս չէր կարող իր անդամներին երաշխավորել նպաստավոր պայմաններում իրենց կրոնը դավանելու ազատությունը: Դատարանը նաեւ գտնում է, որ Ֆրանսիայի հարկային մարմինների համար հիմք հանդիսացած օրենքը հստակ չէր եւ նրա կիրառումը բավականաչափ կանխատեսելի չէր, ուստի Վկաների կրոնական ազատությունների խախտումը չի կարող արդարացվել։

Գործի ողջ ընթացքում Եհովայի վկաները վիճարկել են, որ հարկը խտրականորեն է կիրառվել, որի նպատակն էր խոչընդոտել Ֆրանսիայի ավելի քան 123.000 Եհովայի վկաների դավանանքի արտահայտմանը։