Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դրական է գնահատում հայ-ուկրաինական փոխհարաբերությունները: Այդ մասին նա հայտարարել է Image.ua հանդեսին տված հարցազրույցում:

«Մեր կապերը առանձնանում են քաղաքական երկխոսության բավական բարձր մակարդակով: Հուսով եմ` մոտ ապագայում կընդունենք Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին, ինչը հնարավորություն կտա քննարկել ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային արդիական խնդիրներ»,- նկատել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, երկկողմ հարաբերությունների կարեւոր եւ գործուն ինստիտուտ է հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը. «Առանձնահատուկ ուրախացնում է մեր տնտեսական հարաբերությունների դրական դինամիկան, թեեւ դեռ շատ բան պետք է անենք մեր երկրների գործարար շրջանակների համագործակցությունը եւ փոխադարձ ներդրումները խթանելու համար»:

Հարցին, թե տնտեսական գործակցության որ ոլորտները կցանկանար առանձնացնել, նախագահը նշել է, թե բիզնեսն արագ ինքնակողմնորոշվում է, իսկ պետության նշանակությունը գործարարների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:

Հանրապետության նախագահի խոսքով, շատ բան է արվել թեթեւ եւ սննդի արդյունաբերության ոլորտում, զարգացման զգալի պոտենցիալ ունի զբոսաշրջությունը: «Հայ զբոսաշրջիկներն ավանդաբար սիրում են հանգստանալ Ղրիմում: Կարծում եմ` լիովին իրացված չեն հնարավորությունները բանկային ոլորտում եւ դեղագործության մեջ»,- նկատել է Սերժ Սարգսյանը: