ԵԱՀԿ-ում 2013-ին Ուկրաինայի նախագահության մասին որոշումը շատ կարեւոր է ինչպես այդ Կազմակերպության իստիտուցիոնալ զարգացման, այնպես էլ բոլոր երկրների զարգացման առումով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Image.ua հանդեսին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, այդ որոշումը հերթական անգամ ապացուցեց, որ ԵԱՀԿ-ում բոլոր պետությունները հավասար են: «Հիշեք, թե որքան շատ էին շահարկումները Ղազախստանի նախագահության վերաբերյալ: Սակայն նախագահ Նազարբաեւի թիմն արժանապատվորեն գլուխ հանեց դրված խնդրից եւ բարձր մակարդակով կազմակերպեց առաջին հանդիպումը` առաջինը վերջին 10 տարում»,- նկատել է նախագահը:
«Ինչպե՞ս կարող ենք գնահատել որոշումը, որին ինքներս «կողմ» ենք քվեարկել: Վստահ եմ, որ Ուկրաինան ունի անհրաժեշտ բոլոր պրոֆեսիոնալ, փորձագիտական, ֆինանսական, տեխնիկական եւ այլ ռեսուրսները այդ առաքելության իրականացման համար»,- նկատել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով Վերջին 20 տարում ԵԱՀԿ-ում աշխատանքի բավական մեծ փորձ է կուտակվել, եւ կարելի է լիովին օգտագործել նրա պոտենցիալը:
«Հայաստանը միշտ ակտիվություն է ցուցաբերել համաեվրոպական այդ հարթակում, երբեք առիթը բաց չի թողել իր դիրքորոշումը արտահայտելու համար: Հետայսու այդպես է լինելու»,-ասել է Սարգսյանը:




























