Հիմալայներում սառցադաշտերը գլոբալ տաքացման պատճառով «բացառիկ» արագությամբ են հալչում, ինչը սպառնում է Ասիայում միլիոնավոր մարդկանց ջրամատակարարմանը, հայտնում է USA Today-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Հիմալայներում սառցադաշտերը շատ ավելի արագ են փոքրանում, քան աշխարհի այլ մասերում։
«Մեր արդյունքները հստակ ցույց են տալիս, որ հիմալայան սառցադաշտերի սառույցը հալվում է այնպիսի արագությամբ, որը առնվազն 10 անգամ գերազանցում է անցյալ դարերի միջին արագությանը»,- հայտարարել է Լիդսի համալսարանից հետազոտության առաջատար հեղինակ Ջոնաթան Քարիվիկը: «Կորուստների տեմպերի այս արագացումն ի հայտ է եկել միայն վերջին մի քանի տասնամյակների ընթացքում եւ համընկնում է մարդու գործունեության հետեւանքով առաջացած կլիմայի փոփոխության հետ»:
Հետազոտողները հաշվել են, որ վերջին մի քանի հարյուր տարիների ընթացքում հիմալայան սառցադաշտերը կորցրել են իրենց տարածքի մոտ 40%-ը:
Սառցադաշտերը ջրի կարեւոր աղբյուր են լեռներում ապրող մոտ 250 միլիոն մարդու եւ ներքեւում՝ գետերի հովիտներում ապրող եւս 1,65 միլիարդ մարդու համար:
Հիմալայան լեռնաշղթան Անտարկտիդայից եւ Արկտիկայից հետո աշխարհում երրորդ ամենամեծ սառցե շերտն է: Տարածաշրջանը հաճախ անվանում են «աշխարհի երրորդ բեւեռ»՝ իր հսկայական սառցե պաշարների պատճառով, եւ այստեղ են գտնվում Էվերեստը, K2-ը ու այլ խորհրդանշական գագաթներ:





























