ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը առաջընթացի է հասել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում հայտարարել է ամերիկացի դիվանագետ Ջոն Հեֆերնը, ում ԱՄՆ նախագահը առաջադրել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում:
«ԱՄՆ-ը ավելացրել է Հայաստանի զարգացմանն ուղղված օգնությունը, հատկապես կառավարման արդյունավետության բարելավման, տնտեսական աճի ավելացման, շուկայական մրցակցության զարգացման ոլորտներում, նաեւ պահպանել է Հայաստանին ամերիկյան օգնության ընդհանուր չափը` չնայած եվրոպական եւ եվրասիական ուղղություններով ծախսերի կրճատմանը»,- նկատել է Հեֆերնը եւ հավելել. «Իմ թեկնածության հաստատման դեպքում ես մտադիր եմ նպաստել ամերիկացիների եւ հայերի միջեւ առեւտրային կապերի զարգացմանը, նաեւ առանց այդ էլ ամուր հարաբերությունների ամրապնդմանը»:
Հեֆերնը ընդգծել է, թե ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին բարելավել իրավիճակը մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ոլորտներում:
«Ընթացիկ տարում այդ ուղղությամբ առաջընթաց է արձանագրվել, հատկապես կառավարության որոշումից հետո` ազատ արձակել 2008թ. ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքների կապակցությամբ ձերբակալված անձանց, ընդդիմությանը թույլատրել ցույցեր անցկացնել (Ազատության) հրապարակում եւ ակտիվացնել 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետաքննությունը»,- ասել է Հեֆերնը:
Հեֆերնն ասել է, որ «Հայաստանում 2012 եւ 2013 թվականներին կայանալիք համապետական ընտրությունները Հայաստանի կառավարության շանսն են ապացուցելու իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը»:
Դեսպանի թեկնածուն նշել է նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ-ը նպաստում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում գտնելուն:




























