Արցախում հայտնաբերվել է «Կարկառ» բերդաքաղաքը: Մինչ այդ կար տեսակետ, թե «Կարկառ» քաղաք-ամրոցը հենց Շուշին է, սակայն «Կարկառը» հայտնաբերվել է Շուշիից 2 կմ դեպի արեւելք: Այս մասին նշում է ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը:
Լրագրող Բ. Կարապետյանը, իսկ վերջերս էլ` հնագետներ Հ. Պետրոսյանն ու Վ. Սաֆարյանը, պեղումներ կատարելով Շուշիում, ի հայտ են բերել XII - XIVդդ. վերաբերող բազմաթիվ նմուշներ, սակայն, պեղումների ընթացքում ավելի վաղ ժամանակաշրջանի նյութեր ի հայտ չեն բերվել, որոնք համադրվեին հատկապես արաբական աղբյուրներում եղած հիշատակումների հետ: Իսկ այդ աղբյուրներում (Յակուտ ալ – Համավի, Իբն – Խորդադբեհ, Իբն ալ – Ֆակիհ, Համդալլահ Ղազվինի) «Կարկառը», որ ներկայացվում է որպես քաղաք եւ ամրոց, վերաբերում է պարսից արքա Խոսրով Անուշիրվանի ժամանակներին (531 – 578թթ.), այսինքն վաղ միջնադարին, որին վերաբերող կամ բնորոշ հնագիտական նյութեր, Շուշիի պեղումներում չեն հայտնաբերվել:
Սլավա Սարգսյանի փոխանցմամբ, կարելի է կռահել, որ հնագույն «Կարկառը» անմիջականորեն Շուշի քաղաքի կամ սարահարթի վրա չի եղել, այլ մեկ այլ տեղ, բնականաբար այդ բնակավայրի մոտակայքում, քանզի «Կարկառն» ունի «լեռնային բարձունք» իմաստը եւ այդ բնակավայրից շատ հեռու լինել չէր կարող:
«Վերջերս Շուշիի մերձակայքում կատարված փնտրտուքները տվեցին ցանկալի արդյունք: Գտնվեց հնագույն եւ վաղ միջանադարյան «Կարկառ» քաղաք - ամրոցը: Այն տեղակայված է Շուշի քաղաքից մոտ 2 կմ արեւելք, Շոշ գյուղից 1,5 կմ հյուսիս, Կարկառ գետի ձախափնյա` ավտոմայրուղու վերին ապառաժոտ լեռան սարահարթի վրա: տարածքը կոչվում է «Թագավորեն տեղ»: Զբաղեցնում է մոտ 20 հա մակերես: Պարսպապատերի հիմքերը մի քանի անկյունային, մինչեւ 10-12 մ տրամագիծ ունեցող աշտարակներով նկատելի են: Պատերի որոշ հատվածներում առկա է շարվածքի օրտոստատ ձեւը` մեծադիր քարերով: Պարսպապատերը ձգվում էին մոտ 1 կմ երկարությամբ:
Տեղում պատահականորեն ի հայտ բերված հնագիտական նյութերը վերաբերում են ուշ անտիկ – վաղ միջնադար ժամանակաշրջանին` համադրվելով վաղ միջնադարյան «Կարկառ» քաղաք - ամրոցի` աղբյուրներում եղած հիշատակությունների հետ: «Կարկառ» քաղաք - ամրոցի համար որպես պաշտպանական գլխավոր դիտակետ է ծառայել նրա վերնամասում գտնվող «Կիկլոպյան» կոչված ամրոցը, որը մեր կարծիքով «Կարկառ» - ի հետ մի ամբողջություն էր կազմում: Ամրոց - բնակավայրի երբեմնի բնակիչները օգտվել են ոչ միայն մերձակա Կարկառ գետից, այլեւ հյուսիս - արեւմտյան վերնամասում գտնվող երկու աղբյուրներից: Եվս մեկ նկատառում. ըստ Կ. Գանձակեցու, 1251թ. Խաչենի Հասան Ջալալ իշխանը մեկնում է մոնղոլ զորապետ Բաթուի եւ նրա որդի Սարթախի մոտ եւ խնդրում վերադարձնել իր հայրենական կալվածքները, որոնց թվում` ՚Կարկառՙ - ը: Պարզ է, որ այստեղ վաղ միջնադարյան վերը նշված ՚Կարկառՙ քաղաք - ամրոցի մասին չէ խոսքը, այլ մեկ այլ ՚Կարկառՙ - ի` ներկայիս Շուշիի մասին, որն ինչպես ակներեւ է դառնում նշված հաղորդումից, եւս ՚Կարկառՙ անունն էր կրում: Հավանաբար, IXդ. հետո ընկած ժամանակահատվածում կապված քաղաքական իրավիճակի եւ այլ հանգամանքների հետ, Հին Կարկառի բնակիչները տեղափոխվել են պաշտպանական առումով, առավել հուսալի վայր` ներկայիս Շուշիի բարձրավանդակ` պահպանելով տեղավայրի հինավուրց ՚Կարկառՙ անվանումը:
Խորհրդային ժամանակներում ՚Կարկառՙ քաղաք - ամրոցի տարածքը հարթեցվել եւ ձեւախեղվել է. շինությունների քարերը տեղափոխվել եւ օգտագործվել են բնակելի տների կառուցման համար, Շուշիի ադրբեջանցի կառավարիչների հրահանգով (հնարավոր է կանխամտածված) տեղում ստեղծվել է կաղնու անտառ` տնկվելով Ռուսաստանից բերված ծառատեսակներ, ավելի ուշ տարածքով անց է կացվել Բաքու – Նախիջեւան գազատարի Շուշի տանող հանգույցը»,- նշում է Ս. Սարգսյանը:




























