Այսօր Երեւանում պաշտոնապես մեկնարկեց BuildUp ծրագիրը, որի շրջանակներում ծրագրավորման, թվային մարքեթինգի եւ պրոդուկտների ոլորտներում որոշակի փորձ ունեցող մարդիկ կարող են ստանալ որակավորման բարձր աստիճան եւ վերապատրաստվել միջազգային մակարդակի մասնագետների կողմից։
BuildUp ծրագրի յուրահատկությունը նոր տեսակի կրթության ստեղծումն ու պրակտիկան է։ Մոտեցումը՝ multidisciplinary teamwork մոդել։
«Ծրագրի ընթացքում 6 տարբեր մասնագիտություններից ձեւավորված թիմերը ստեղծելու են պրոդուկտներ, որոնք հնարավորություն կունենան ներկայացնելու ProductHunt հարթակում։ Լավագույն ուսանողներին հնարավորություն կընձեռվի նաեւ աշխատել BuildUp համայնքի անդամների ընկերություններում։ Դասավանդվող 6 առարկաներից 1-ական մասնակից ներգրավվելու է առանձին թիմում եւ միասին փորձելու են լուծել իրական խնդիրներ՝ նախագծերի ստեղծման միջոցով», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախաձեռնության հիմնադիր Ալբերտ Պողոսյանը։
«Հետեւողական աշխատանքի շնորհիվ ստեղծվեց բոլորովին նոր կրթական չափորոշիչների վրա հիմված այլընտրանքային կրթություն, որը Հայաստանում դեռեւս չկա։ Մեր երկրում կա մասնագիտական մեծ բաց, որը կարելի է ուղղել բացառապես նոր կրթական մոդելների կիրառմամբ։ BuildUp-ը հիմնվում է ոչ թեորիական գիտելիքի վրա։ Այն ամենն, ինչ մենք սովորում ենք, բացառապես պրակտիկ գիտելիք է։ Ուսման 4 ամիսների ընթացքում ուսանողներն աշխատելով տարբեր նախագծերի վրա միաժամանակ ձեռք են բերում հարուստ պորտֆոլիո, որոնք հետագայում կարող են դառնալ հաջողության պատմություններ»,- հավելեց թվային մարքեթինգի դեկան Նարի Հակոբյանը։
Նախագծի համահիմնադիր Արման Գրիգորյանն էլ նշեց, որ ավարտական քննությունը կլինի ստեղծված պրոդուկտը հասարակությանը ներկայացնելու, ինչպես նաեւ հանրության գնահատականի տեսքով։ Տվյալ մոտեցումը հնարավորություն կտա ավելի շոշափելի տեսնել դրա հաջողված լինելը։
BuildUp ծրագիրը հնարավորություն է տալիս սովորել եւ աշխատել տեխնոլոգիական մեծ համայնքում, Google, Nvidia, VMware, HubSpot, Snapchat, Krisp, SoloLearn, Ucraft, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների առաջատար մասնագետների հետ, զարգացնել խնդիրներ լուծելու մտածողություն,տարբեր ոլորտներում արդեն կայացած մասնագետների հետ համատեղ աշխատել պրոդուկտների ստեղծման վրա,զարգացնել մասնագիտական կարողություններն ու հմտությունները, ստանալ աշխատավարձի բարձրացման իրական հնարավորություն։
Լուիզա Գումրոյան




























