Երեւանի Ֆիզգորոդոկ թաղամասում սեպտեմբերի ամսից սկսված շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնց դեմ են բնակիչները։
NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ փետրվարի 8-ին, բնակիչ Վահրամ Ասատրյանը պատմեց, որ այսօր ծանր տեխնիկա է կայանվել Ալիխանյան փողոցում, որի արդյունքում էլ փակվել է մայթն ու խոչընդոտվել մեքնենաների եւ հետիոտնի տեղաշարժը.
«Հետիոտնի մայթի վրա մեծ տեխնիկա են կանգնեցրել, ոստիկանությունից լղոզված տեքստով փաստաթուղթ են ներկայացնում. ինչո՞ւ են մեր ճանապարհը փակել»։
Բնակիչն ասաց, որ շինարարական աշխատանքներն ուղեկցվում են բարձր ձայնով եւ անհանգստություն պատճառում հարեւանությամբ ապրող բնակիչներին.
«Մենք չափագրել ենք ձայնի սահմանները, 100 տոկոսն անցնում են։ Էս աղմուկի տակ ուղղակի չի կարելի ապրել։ Լավ կլինի, նոր քաղաքապետը գար այստեղ ու առոչինչ աներ այդ շինթույլտվությունը, այդ մարդուն էլ այլ հատվածում հող տրամադրեն։ Այս աղմուկի տակ ապրելն անհնար է»։
Մենք տեղեկացանք, որ բնակիչների ահազանգերի արդյունքում Ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցները ժամանել են թաղամաս եւ հեռացրել կայանված մեքենան:
Հիշեցնենք, որ ամռանը Ֆիզգորոդոկի բնակիչները պահանջում էին կասեցնել Ալիխանյան 6/1 հասցեում սկսված եւ իրենց պնդմամբ ապօրինի շինաշխատանքները։ Շուրջ 2000 քմ մակերեսով հողատարածքի սեփականատերը «Ռատկո» ընկերությունն է, որը Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվության իրավունք ստացել է 2021-ի հուլիսին։ ԿԳՄՍ-ն 2021թ-ի փետրվարին «Ֆիզգորոդոկի» տարածքը ճանաչել է որպես նորահայտ հուշարձան, իսկ մայիսին Ալիխանյան 6/1-ի հասցեի հողակտորը հանել է հուշարձանի տարածքից: Այստեղ նախատեսվում է բազմաբնակարանային շենք կառուցել, որի նպատակով հատվում են տարածքի երկարամյա բազմաթիվ ծառերը։ Բացի այդ ըստ բնակիչների՝ սահմանափակվելու է մուտքը հարակից շենքեր։
Բնակիչները դիմել էին դատարան՝ վիճարկելու կառուցապատումը. դատարանը վարույթ էր ընդունել հայցը, բայց չէր կասեցրել շինարարությունը: Բնակիչներն ահազանգում էին նաեւ, որ այդ հողատարածքը անօրինական է սեփականաշնորհվել։ Նրանք քաղաքապետարանից պահանջում էին շինթույլտվության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն, քաղաքապետարանը չէր տրամադրում դրանք։
Շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում ծանր հետեւանքների հանգեցնելու հոդվածով։ Գործը նախաքննության փուլում է։




























