Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո սկսել են վերադառնալ Ղրիմից իրենց մշտական ​​տեղակայման կետեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վադիմ Աստաֆեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության հարավային եւ արեւմտյան ռազմական օկրուգները, ընդհանուր առմամբ, զորավարժություններից հետո սկսել են զորքերը վերադարձնել իրենց բազաներ։ 

«Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումները, որոնք կատարել են իրենց առաջադրանքները Ղրիմի թերակղզու համազորային հրաձգարաններում տակտիկական զորավարժությունների շրջանակում, սկսել են վերադառնալ իրենց մշտական ​​տեղակայման կետեր»,- ասել է Աստաֆեւը:  

«Գումարտակի տակտիկական խմբերի անձնակազմը երթեր է իրականացրել դեպի երկաթուղային կայարանների շրջաններ, որտեղ կազմակերպվել է զինտեխնիկայի բեռնում։ Վագոնների հարթակների վրա սահմանված կարգով իրականացվում է ծանր թրթուրավոր զրահատեխնիկայի ամրացում»,- նշել է Աստաֆեւը։