Թուրքիայի իշխանությունները ազատ են արձակել մի տղամարդու, որը չորս կնոջ սպանության եւ երկու տղամարդու վիրավորելու համար 2004թ․ Բելգիայում ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո արտահանձնվել էր երկրին, հայտնում է BBC Turkish-ը։
Օսման Չալիի ազատ արձակումը տեղի է ունեցել 2013թ․՝ Բելգիայից Թուրքիային արտահանձնվելուց վեց տարի անց՝ հանցագործությունների համար 5 տարի պատիժ կրելուց հետո։
63-ամյա Չալին 2004թ․ նոյեմբերի 11-ին գնդակահարել էր իր կնոջը, հղի քրոջը, նախկին կնոջը եւ զոքանչին՝ Գենտ եւ Ալստ քաղաքներում տեղի ունեցած այս իրադարձությունների ընթացքում ծանր վիրավորելով երկու տղամարդու։
Բելգիայի դատարանը Չալիին, որը խոստովանել է, որ սպանությունները «պատվի համար» է կատարել, ցմահ ազատազրկման դատապարտել է չորս տարի տեւած դատավարությունից հետո։
Դատապարտյալը արտահանձնման հայց է ներկայացրել՝ պատժի մնացած մասը Թուրքիայում կրելու համար։ Նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել 2019թ․ նոյեմբերին, այնուհետեւ ամբողջությամբ ազատ է արձակվել 2020թ․, հայտնել է փաստաբան Էրգյուն Թոփը՝ վկայակոչելով Թուրքիայի Քրեական օրենսգիրքը (TCK), որը թույլ է տալիս բանտարկյալներին ազատ արձակել պատժի երկու հինգերորդը կրելուց հետո։
Բելգիայի արդարադատության նախարարությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին բացատրություն տալ Չալիի ազատ արձակման համար, սակայն դեռ պատասխան չի ստացել։
Կանանց նկատմամբ բռնությունը եւ ֆեմիցիդը շարունակում են լուրջ խնդիրներ մնալ Թուրքիայում, որտեղ քաղաքացիները մեծ ճնշում են գործադրում կառավարության վրա, որպեսզի լուծվեն այն խնդիրները, որոնցից տառապում է հասարակությունը:
Անցյալ տարի Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է առնվազն 339 կին, ասվում է Bianet's լրատվական կայքում այս շաբաթ հրապարակված զեկույցում, որը նշում է վերջին տասնամյակում տղամարդկանց կողմից կանանց սպանությունների ամենաբարձր թվի մասին:





























