ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եւ՛ ինքը, եւ՛ Պուտինը գիշերները հանգիստ քնում են՝ չնայած քաղաքական լարվածության աճին։ Այս կերպ նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչպես են երկրի ղեկավարին տեղեկացնում Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակի մասին, եւ արդյոք կա ալիք, որը թույլ է տալիս Պուտինին շուրջօրյա հետեւել իրադարձություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ալիքներ չունենք դա ավելի լավ տեսնելու համար: Իհարկե, Ռուսաստանի Դաշնության նախագահն ունի տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ, որոնք թույլ են տալիս նրան իրական պատկերացում կազմել իրավիճակի մասին»,- ասել է Պեսկովը: Նա պարզաբանել է, որ երկրի ղեկավարը համապատասխան ծառայություններից ժամանակին համապատասխան զեկույցներ է ստանում։

Պատասխանելով հարցին, թե ինչպես են պատրաստվում գիշերային ռեպորտաժները, եւ արդյոք նախագահն ընդհանրապես քնում է, Կրեմլի խոսնակը վստահեցրել է, որ ՌԴ նախագահը հանգիստ քնում է։ Ինչ վերաբերում է իրեն, Պեսկովի խոսքով, ինքը քնում է «ոչ պակաս հանգիստ, բայց՝  զգոն»։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այն, ինչ տեղի է ունենում Դոնբասում շփման գծում, «շատ մտահոգիչ է եւ պոտենցիալ շատ վտանգավոր»։