Արկտիկայում եւ Անտարկտիկայում, չնայած շրջակա միջավայրի՝ որոշ առումներով նմանությանը, ապրում են միանգամայն տարբեր կենդանիներ։ Երկու բեւեռներում էլ ապրում են ծովաշների եւ կետերի բազմաթիվ տեսակներ, բայց միայն Արկտիկայում է ապրում Երկրի ամենամեծ՝ սպիտակ արջը, գրել է Live Science-ը։

Սպիտակ արջերին (Ursus maritimus) եւ նրանց ձագերին կարելի է հանդիպել Ալյասկայում, Կանադայում, Գրենլանդիայում, Նորվեգիայում, Ռուսաստանում, երբեմն Իսլանդիայում։ Սպիտակ արջի մորթին հատուկ հարմարեցված է այն ջերմաստիճաններին, որոնք կարող են Ցելսիուսի 30 աստիճանից ցած իջնել։ Կյանքի մեծ մասը նրանք ապրում են սառույցների մեջ՝ սնվելուվ ճարպով հարուստ փոկերով, էներգիա կուտակելով սննդի ընդունման երկարատեւ միջակայքերի համար։

Անտարկտիկայում նույնպես սառույց կա, ցածր ջերմաստիճաններ եւ փոկեր։ Բայց ինչո՞ւ ամենահարավային մայրցամաքում սպիտակ արջեր չկան։

«Արջերը բնորոշ են հիմնականում Հյուսիսային կիսագնդին»,- նշել է Կանադայի Ալբերտայի համալսարանի կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Էնդրյու Դերոչերը, որն ուսումնասիրել է սպիտակ արջերին մոտ 40 տարի։ «Հարավամերիկյան անդերյան արջից (Tremarctos ornatus) բացի՝ արջեր հանդիպում են միայն Հյուսիսային կիսագնդում։ Կոնկրետ պատճառ չկա, պարզապես որոշ տեսակներ զարգացել են մի տեղում, մյուսները՝ այլ»։

Ինչ վերաբերում է կոնկրետ սպիտակ արջերին, ապա դրանց էվոլյուցիոն պատմության մեջ երբեք չի եղել ժամանակ, երբ Հյուսիսային եւ Հարավային բեւեռները միավորված են եղել սառույցով (կամ ցամաքով)։ Մարդիկ ասում են, թե սպիտակ արջերը «աշխարհի ամենախոշոր ցամաքային գիշատիչներն են», բայց նրանք բոլորովին էլ ցամաքային տեսակ չեն, ասել է Դերոչերը Live Science-ի հարցազրույցում։

Ըստ նրա՝ խոշոր սպիտակ արջերը գրեթե ամբողջ կյանքն ապրում են ծովի սառույցների մեջ՝ միայն հազվադեպ դուրս գալով ափ՝ բազմանալու նպատակով։

Սպիտակ արջերը համեմատաբար երիտասարդ տեսակ են էվոլյուցիոն առումով։ Նրանք առաջացել են ընդհանուր նախնուց՝ գորշ արջից (Ursus arctos) 5 մլն կամ 500 000 տարի առաջ, ասել է Դերոչերը։ Բայց անգամ 5 մլն տարի առաջ մայրցամաքները նույն վիճակում են եղել, ինչպես եւ այսօր, ուստի սպիտակ արջերը հնարավորություն չեն ունեցել ճամփորդել բեւեռից բեւեռ։ Անտարկտիկային ամենամոտ մայրցամաքը Հարավային Ամերիկայի հարավային հատվածն է, որը ներառում է Չիլին եւ Արգենտինան։ Անտարկտիկա հասնելու համար սպիտակ արջերը պետք է հատեին Դրեյքի նենգ անցումը։ Այդ շրջանը հայտնի է նաեւ ուժեղ փոթորիկներով եւ փոթորկոտ ծովով, քանի որ հարավի սառը ջուրը բախվում է հյուսիսի տաք ջրին։

Բայց եթե սպիտակ արջերը նման հնարավորություն ունենային, կկարողանայի՞ն գոյատեւել Հարավային բեւեռում։

Դերոչերի կարծիքով՝ պատասխանը պարզ է. «Նրանք այնքան ուրախ կլինեին Անտարկտիկայում»։

Արկտիկայում սպիտակ արջերը սնվում են փոկերով եւ հազվադեպ՝ թռչուններով կամ նրանց ձվերով։ Անտարկտիկան լի է կենդանիների բոլոր երեք տեսակներով, փոկերի վեց եւ պինգվինների հինգ տեսակներով։ Բացի դրանից,  այդ կենդանիներից ոչ մեկը այնպիսի էվոլյուցիայի չի ենթարկվել, որպեսզի զգուշանա խոշոր ցամաքային գիշատիչներից։ Անտարկտիկայի լանդշաֆտը սպիտակ արջի համար «շվեդական սեղան» կլիներ, ահա թե ինչու ոչ ոք եւ երբեք չպետք է այնտեղ տանի սպիտակ արջերին։ Նրանց մեծ ախորժակը, խոշոր ցամաքային գիշատիչների մասին տեղի կենդանական աշխարհի չիմացության հետ մեկտեղ, ավելի շուտ, կհանգեցներ էկոլոգիական կոլապսի։ Գուցե այդ պատճառով սպիտակ արջի համար ավելի լավ կլինի մնալ հյուսիսում։