Հայաստանը կտրված չէ աշխարհից։ Մենք քարանձավում չենք եւ որոշակի թելերով փոխկապակցված ենք մի շարք համաշխարհային գործընթացների հետ։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով ուժեղ ինֆլյացիայի պատճառ դարձած համաշխարհային գործընթացներին։

Նախարարի խոսքով՝ Հայաստանի վրա ինֆլյացիոն ճնշումը պայմանավորված է ոչ միայն զուտ ներքին հարցերով ու իրադարձություններով։

«Ինֆլյացիոն ճնշման է ենթարկվում նույնիսկ այնպիսի բարգավաճ երկիր, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Հայաստանն այս առումով, այլ երկրների համեմատ, շատ ավելի լավ վիճակում է»,- վստահեցրեց կառավարության ներկայացուցիչը։

Ավելին, ինչպես նշեց Մկրտչյանը, ԵԱՏՄ անդամ երկրների մեջ Հայաստանն ինֆլյացիայի ամենացածր ցուցանիշներից մեկն ունի։