Հայաստանը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները՝ խթանելու տեղական արտադրությունը, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների եւ սննդամթերքի մասով։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցերին։
Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը համաշխարհային պարենային համակարգի հնարավոր փլուզման մասին։ Ապա հարցրեց, թե արդյոք քննարկվելու է Սեւանա լճից ջրառի հարցը, պարենային որոշ ապրանքների արտահանման քվոտա պետք է սահմանվի, թե՝ ոչ, եւ արդյոք լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու սննդամթերքի անվտանգությունը։
Գրիգորյանը պատասխանեց, որ պետք է կատարել վերը նշված բոլոր քայլերը եւ պատրաստվել առաջիկա մարտահրավերներին։
«ԵԱՏՄ խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Այս հարցը բավական երկար քննարկվել է, քանի որ իրատեսական չէ բոլոր խնդիրները լուծել միայն տեղական արտադրությամբ։ Դա անհնար է օբյեկտիվորեն եւ ֆիզիկապես։ Ինչպես էլ մտածենք, ինչպես էլ փոխենք պաշարների կոնֆիգուրացիան, ապրանքների տեղաշարժը, ամեն դեպքում, պետք է իրականացվի։ Ամեն դեպքում սա վերաբերում է ԵԱՏՄ-ին։ Նման մոտեցումը թույլ կտա ամբողջությամբ լուծել առաջացած խնդիրները»,- պարզաբանեց փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, քանի որ կա հստակ պայմանավորվածություն։ Այսպես, ԵՏՀ-ն պետք է մինչեւ այս տարվա մարտի 25-ը հաշվարկի փոխադարձ բալանսը, որոշի քվոտային հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ խթանելու տեղական արտադրությունը, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների եւ սննդամթերքի մասով։





























