Հայաստանում խոսքի ազատության իրավունքը շարունակել է անօրինական կերպով սահմանափակվել։ Այս մասին ասված է 2021 թվականի համար աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ Amnesty International-ի զեկույցում։

«Կառավարությունն անկախ ԶԼՄ-ների եւ այլ քննադատական ​​ձայների սահմանափակմանն ուղղված մի քանի օրենսդրական փոփոխություն է կատարել: Մարտին Ազգային ժողովը վիրավորանքի եւ զրպարտության համար առավելագույն տուգանքը հասցրել է 6 միլիոն դրամի (մոտ 12000 դոլար)։ Օգոստոսին օրենսդրական փոփոխությունների եւս մի փաթեթ է ընդունվել, որը քրեականացնում է հասարակական գործիչներին վիրավորելը, ինչի արդյունքում կրկնվող վիրավորանքները պատժվում են մինչեւ երեք ամիս ազատազրկմամբ։

Սեպտեմբերին ոստիկանությունը այս նոր օրենքով քրեական գործ է հարուցել ֆեյսբուքյան օգտատերի դեմ՝ վարչապետին նրա լուսանկարի տակ գրված մեկնաբանության մեջ վիրավորելու համար։

Իշխանությունները շարունակել են շինծու մեղադրանքներով հետապնդել իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանին՝ Հայաստանում եզդի էթնիկ փոքրամասնության նկատմամբ նրա վերաբերմունքի քննադատության համար։ Նրա՝ ազգային ատելության ենթադրյալ հրահրման վերաբերյալ հետաքննությունը սկսվել է 2020 թվականի հոկտեմբերին, երբ նա առցանց հարցազրույց էր հրապարակել էթնիկ եզդիների առջեւ ծառացած խնդիրների մասին: Նրա դատավարությունը սկսվել էր օգոստոսին եւ շարունակվել մինչեւ տարեվերջ: Եթե ​​նրան մեղավոր ճանաչեն, նրան երեքից վեց տարվա ազատազրկում է սպառնում;

Գլխավոր դատախազությունը և պետական ​​քննչական մարմինները չեն կարողացել արդյունավետ կերպով հետաքննել ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների դեմ ուղղված հարձակումներն ու սպառնալիքները, այդ թվում՝ 2020 թվականի հակամարտությունից հետո «Ազատություն ռադիոկայան»-ի եւ Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակների կողոպուտը»,- նշվում է զեկույցում։

«Անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մնացել է անկայում՝ սահմանազատման գծերի մասով անորոշության պատճառով։ Պարբերական մարտերը սահմանին զոհերի են հանգեցրել զինվորականների եւ քաղաքացիական բնակչության շրջանում։

Covid-19 համավարակը եւ 2020 թվականի հակամարտության հետեւանքները սրել են երկրի տնտեսական դժվարությունները: Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8 տոկոսով՝ աղքատացնելով 70.000 մարդու, իսկ 720.000-ին՝ տեղափոխել բարեկեցության ավելի ցածր մակարդակով մարդկանց խումբ։

Տարեց եւ պակաս ապահով մարդիկ անհամաչափորեն տուժել են համավարակից՝ առողջապահական խնամքի հասանելիության ավելի մեծ խոչընդոտների բախվելով կարանտինային սահմանափակումների եւ հանրային առողջապահական ռեսուրսների վերաօգտագործման պատճառով: Զգալիորեն նվազել է նաեւ առօրյա ծախսերը հոգալու նրանց կարողությունը, հատկապես՝ կենցաղային, կոմունալ ծառայությունների, սննդի, դեղամիջոցների եւ բժշկական ծառայությունների մասով:

Պատվաստումների մակարդակը ցածր է մնացել. մինչեւ դեկտեմբեր բնակչության միայն 23 տոկոսն է ստացել պատվաստանյութի ամբողջական դեղաչափը պատվաստանյութերի դեմ պայքարի զանգվածային արշավի պայմաններում: Ի պատասխան՝ օգոստոսին կառավարությունը պարտադիր դարձրեց Covid-19-ի դեմ պատվաստումը պետական ​​բոլոր աշխատողների եւ մասնավոր ընկերությունների բազմաթիվ աշխատակիցների համար»։