Վիետնամը սոցցանցերում ավելի քան 3200 «թունավոր» գրառում է հեռացրել։ Այս մասին հայտնել է Վիետնամի տեղեկատվության նախարարությունը, հաղորդում է Reuters-ը։

Վիետնամը բազմիցս խնդրել է այնպիսի ընկերություններին, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը, YouTube-ը եւ TikTok-ը, համակարգել իշխանությունների հետ գործողությունները՝ վիրավորական, կեղծ եւ հակապետական կոնտենտը արմատախիլ անելու համար։

Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում կառավարության պահանջներին համապատասխան՝ Facebook-ը հեռացրել է 525 գրառում, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ YouTube-ը հեռացրել է 2679 տեսանյութ, իսկ TikTok-ը՝ 71 տեսահոլովակ։

Google-ի թափանցիկության մասին զեկույցը ցույց է տվել, որ այն Վիետնամից ստացել է 326 հարցում՝ YouTube-ի կոնտենտը հեռացնելու համար, եւ դրանցից 300-ը կապված են եղել կառավարության քննադատության հետ:

Վիետնամը խստացրել է ինտերնետի կանոնները վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչի գագաթնակետն է դարձել կիբեռանվտանգության մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2019թ․։