«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Մի «գաղտնիք» Անդրանիկ Փիլոյանի մասին
Անդրանիկ Փիլոյանին անձամբ համարյա չեմ ճանաչում, կյանքում մի երկու անգամ ենք զրուցել: Բայց հստակ գիտեմ, որ այդ մարդը Ջեբրաիլի տապալման մեղավորներից մեկն է:
Հենց Փիլոյանի ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ըստ նախապես առկա պլանի, պետք է պատերազմի դեպքում աջակցության հասներ Ջեբրաիլի գնդին:
Բայց աջակցության հասնելու վարժանքը երբեք պատշաճ չէր կատարվել: Առնվազն միջին ու ստորին օղակների հրամկազմերը գաղափար չունեին, թե պատերազմի դեպքում Ջեբրաիլում ինչ պետք է անեն... Եվ զարմանալի չէ, որ պատերազմի ժամանակ Փիլոյանի ենթակա այդ ստորաբաժանման կողմից Ջեբրաիլին աջակցության հասնելը վերածվեծ բարդակի՝ բազում զոհերով և թշնամու կողմից ճակատի ճեղքմամբ:
Բայց այդ տապալման «դիմաց» Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանից ստացավ ազգային հերոսի մեդալ ու նախարարի պաշտոն: Իսկ այսօր Փիլոյանը ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքով»:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է այսօր։ NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մարտի 29-ին հարցաքննության է հրավիրել ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին: Նախարարը հարուցված քրեական գործով որեւէ կարգավիճակ չուներ երեկվա դրությամբ։ Թե ի՞նչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում քննչական գործողությունները, առայժմ հայտնի չէ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրավապահները երեկ խուզարկություններ էին իրականացնում։ Խուզարկությունից հետո իրավապահներն ԱԻՆ մի քանի աշխատակիցների տարել էին Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության։





























