2021թ. հոկտեմբեր-դեկտեմբերին 45 համայնքներում տեղի ունեցան ավագանիների ընտրություններ։ Ընտրություններից հետո, Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն, պետք է տեղի ունենային համայնքապետերի ընտրություններ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ մտցնելու հարցի քննարկման ժամանակ, մարտի 1-ին ասաց օրենսդրական նախաձեռնության հեղինակներից մեկը՝ կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Մի շարք համայնքներում, ինչպես նշեց պատգամավորը, այդ գործընթացը տարբեր պատճառներով ձգձգվել է։ Դա բացասաբար է անդրադարձել, իսկ որոշ դեպքերում՝ շարունակում է բացասաբար անդրադառնալ համայնքների նորմալ կենսագործունեության, ինչպես նաեւ բնակչության պահանջներին արձագանքելու գործընթացի վրա։
Այսպես, այն դեպքերում, երբ այս կամ այն պատճառով նոր ավագանու լիազորություններն ուժի մեջ մտնելու կամ նախորդի լիազորությունների ժամկետից շուտ դադարեցման պահից սկսած՝ 20 օրվա ընթացքում չի հաջողվում Խորհրդի առաջին նիստը գումարել, հանրապետության վարչապետին կտրամադրվի իրավունք՝ նշանակելու համայնքապետի պաշտոնակատար, մինչեւ ընտրված համայնքապետի պաշտոնին անցնելը։ Այս ձեւը նախատեսված է նաեւ նշված օրինագծի անցումային դրույթներում։
«Այս օրինագծի օպերատիվ ընդունումը թույլ կտա լուծել ընտրություններից հետո շարունակվող խնդիրները՝ կապված համայնքապետերի ընտրության հետ, ինչպես նաեւ բացառել նման մարտահրավերներն ապագայում»,- պարզաբանեց խորհրդարանականը։
Մասնավորապես, գոյություն ունեցող խնդիրների թվում նա նշեց Վանաձորում ստեղծված իրավիճակը։





























