Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատել «ԳԵՎՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող աշրանքները:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԳԵՎՄԻԿ» ընկերությունը Արագածոտնի մարզում նախատեսում է կառուցել 2 հա ընդհանուր մակերեսով գերժամանակակից ջերմոցային համալիր, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։
Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր ռուսաստանյան ծաղկի շուկայում։ Ջերմոցային համալիրում նախատեսվում է աճեցնել տարբեր տեսակի, բարձր բերքատվություն ապահովող վարդեր և դրա հիմնական մասը՝ 90 տոկոսը, վաճառվելու է ռուսաստանյան մեծածախ մատակարարներին, իսկ մնացած 10 տոկոսը՝ անմիջապես ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։
Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2022թ․-ի հունվար ամսից: Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։
Արդեն իսկ իրականացվել է 60 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում՝ ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման համար և 540 մլն դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 50 նոր աշխատատեղ` մինչև 150,000 դրամ միջին աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 70 մլն դրամ:





























