Yerevan.today լրատվական կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը «ֆեյսբուք»–ում ներկայացրել է ենթադրյալ անկարգությունների վերաբերյալ կոնկրետ սցենար, ապա դիմել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին և ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին՝ խնդրելով հրապարակային պարզաբանում տրամադրել, թե արդյոք ոստիկանությունը դա կարող է գնահատել որպես «խաղաղ հավաք», իսկ կազմակերպչի գործողությունները գնահատել որպես «անմեղ»: Գրառումը ներկայացնում ենք ստորև։

«ՀՀ Ոստիկանապետ Վահե Ղազարյանին

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին

ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ

Հարգելի ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյան,

Պատկերացնենք մի այսպիսի իրավիճակ․

Մայրաքաղաք Երևանի կենտրոնում, մի խումբ «խաղաղ» ցուցարարներ

- կառուցում են բարիկադներ, շուռ տալիս հակառակ երթևեկության գծի տրոլեյբուսները՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկության տվյալ հանգույցը,

- բռնի կերպով դիմադրում և չեն ենթարկվում Ոստիկանության օրինական պահանջներին,

- ցուցարարներից ոմանք ծեծի են ենթարկում ոստիկանի, իրեն օրինական կերպով ամրակցված տաբելային զենքը ձեռքից խլվում է,

- ցուցարարների կողմից ջարդվում և այրվում է ոստիկանական մեքենա.

Այդ ընթացքում «խաղաղ» հավաքի կազմակերպիչը, բարձրանալով բեմահարթակ,

- ուղիղ գովեստի խոսքեր է հնչեցնում ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ խլելու վերաբերյալ,

- հրապարակային խոստովանում է, որ «հոգին փառավորվեց» այդ տեղեկությունը ստանալիս,

- կոչ է անում բարիկադներ կառուցել և ձեռքի տակ ունենալ քարեր, փայտեր, ձողեր՝ ոստիկաններից պաշտպանվելու համար, որոնց անվանում է «տականքներ»,

- դիմադրելու Ոստիկանության օրինական պահանջներին, այդ թվում՝ տվյալ պարագաները օգտագործելով,

- ծեծված ոստիկանին անվանում է սրիկա։

Նմանատիպ գործողությունները ինչպիսի՞ օպերատիվ գնահատական են ստանում՝

Արդյո՞ք Ձեր ղեկավարած Ոստիկանությունը դա կարող է գնահատել որպես «խաղաղ հավաք»

Արդյո՞ք Ձեր ղեկավարած Ոստիկանությունը կարող է գնահատել տվյալ կազմակերպչի գործողությունները որպես «անմեղ»:

Խնդրում եմ նկարագրել նաև, թե տվյալ իրավիճակում ինչպիսի օպերատիվ գործողություններ է ենթադրվում ոստիկանության ծառայողների կողմից՝ իրավիճակի հանգուցալուծման համար։ Ինչպիսի՞ գնահատական և գործողություն է իրականացվում նշածս հավաքի կազմակերպչի նկատմամբ։

Ակնկալում եմ, հարցմանս պատասխանը նույնպես հրապարակային։

Սևակ Հակոբյան

Yerevan.today լրատվականի գլխավոր խմբագիր»։

Հիշեցնենք, որ այսօր Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը բեկանեց եւ նրան «Մարտի 1-ի» գործով արդարացնելու որոշում կայացրեց։ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ) Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի հունվարի 19-ի դատավճիռը եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանվեց։ Նիկոլ Փաշինյան ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվեց անմեղ եւ արդարացվեց։ Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։