Ալերգիայի դեպքերը շատանում են հասարակության կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց։ Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արաբկիրի բժշկական համալիրի երեխաների ու դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ–ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը` հավելելով, որ այն ամենաշատը տարածված է Մեծ Բրիտանիայում, ամենաքիչը` աֆրիկյան երկրներում, իսկ Հայաստանում կենսամակարդակի բարձրացմանը զուգընթաց ալերգիաերի տոկոսն աճում է:
«Ներկայումս ավելի շատ շրջանառվում է հիգիենայի վարկածը: Զարգացող երկրներում, որտեղ հիգիենայի մակարդակը ցածր է, ալերգիաները ավելի քիչ է: Զարգացած երկրներում, որտեղ հիգենիան շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, ալերգիաները ավելի շատ են»,- նշեց Աստղիկ Բաղդասարյանը: Ալերգիաների հետ սրտորեն կապված է նաեւ սննդամթերքի որակը, էկոլոգիական վիճակը, սակայն, դրանք չեն հանգեցնում ալերգիաների կտրուկ աճին:
Մասնագետի խոսքով` ամենահաճախ ալերգիա առաջացնող ալերգենը մարգագետնային խոտերի ծաղկափոշիներն են, որոնց ծաղկման սեզոնն սկսվում է ապրիլից եւ ավարտվում սեպտեմբերին: Նա այդ ալերգենն ունեցողներին խորհուրդ է տալիս նախապես դիմել բժշկի, որպեսզի կանխարգելեն:
Նշենք, որ ալերգենը տարր է, որն օրգանիզմը համարում է օտար եւ դրա համար արտադրում է հակամարմիններ։ Ալերգիաները լինում են բազմաթիվ տեսակների: Ամառային ալերգիաներն սկսվում են վաղ գարնանից եւ տեւում մինչեւ ուշ աշուն: Սեզոնին բնորոշ են նաեւ միջատների խայթոցներից առաջացած ալերգիաները, որոնց դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս սառույց դնել, չքորել եւ չտրորել այդ հատվածը:
Ալերգիաները սեռային եւ տարիքային բաշխում չունեն: Բոլոր մարդիկ էլ հակում ունեն ալերգիայի, իսկ ալերգիայի վերջնական բուժումը խիստ հարաբերական է, այսինքն` բուժելով մարդուն որեւէ ալերգիայից որեւէ երաշխիք չկա, որ օրինակ` հաջորդ անգամ օգտագործելով նույն դեղամիջոցը կամ մթերքը ալերգիա չի առաջանա:




























