ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ծնվել է 10869 երեխա, որը նախրդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3,5 տոկոսով կամ 390-ով։
Առաջին և երկրորդ երեխաների ծնունդի միանվագ նպաստը 300 հազար դարձնելը կամ երրորդ երեխայի համար 50000 դրամ վճարելը չեն լուծել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական խնդիրները։ Փաստացի ստացվում է, որ կառավարության ծնելիության խրախուսման ծրագրերի արդյունավետությունը շատ ցածր է։
.jpg)
Հայաստանի Հանրապետության բնական հավելաճի տեսանկյունից շատ կարևոր է անդրադառնալ նաև մահացածների թվին։ Եվ այսպես 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին մահացածների թիվը կազմել է 9879, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 21,1 տոկոսով կամ 2646-ով։ Անցած տարվա մահացության բարձր ցուցանիշը պայմանավորված էր արցախյան վերջին պատերազմի զոհերով, ինչպես նաև կորոնավիրուսի մահերով։
Հարկ է նշել, որ պաշտոնապես հաստատված պատերազմի շուրջ 4000 զոհերի մեծ մասը երիտասարդներ էին, որոնք ապագայում պետք է ունենային շուրջ 7000 երեխա։ Այսինքն՝ Հայաստանի ժողովրդագրական խնդիրները սրվելու են ապագայում։ Հաշմանդամություն ստացած երիտասարդների դեպքում ևս կառավարությունը պետք է խրախուսի ծնելիությունը՝ վերականգնելով նրանց կորցրած առողջությունը։
Ամփոփելով՝պետք է արձանագրել, որ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին բնական հավելաճը կազմել է 990 մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 2256-ով։ Ցավոք, անվտանգային և սոցիալական խնդիրներով պայմանավորված բացասական սպասումները շատ մեծ են, ինչի հետևանքով ծնելիության մակարդակը նվազում է գրանցում։
Արամ Աճեմյան




























