Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի շինաշխատանքները անձրեւի պատճառով դեռ չեն ավարտվել, ասֆալտապատման աշխատանքներն այսօր են սկսվել, նախատեսվում է, որ ճանապարհը երկու օրից կշահագործվի։

«Նախորդ շաբաթ եղանակը անձրեւային էր, այդ է պատճառը, որ Ծիծեռնակաբերդի խճուղում իրականացվող աշխատանքները ձգձգվեցին։ Բետոնապատման աշխատանքներն ավարտվել են, այսօր այսօրվանից կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։ Ենթադրվում է, որ երկու օրից աշխատանքները կավարտվեն եւ ճանապարհը եռակողմ կհանձնվի շահագործման»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Սարդարյանը։

Ճանապարհի վերանորոգման պատասխանատվությունը կրում է «Սահակյանշին» ընկերությունը, որն այդ հատվածի հարեւանությամբ բնակելի շենք է կառուցում։

«Այսօր առավոտից սկսվել են ասֆալտապատման աշխատանքները։ Եթե ամեն ինչ հաջող գնա, այսօր էլ կավարտենք: Մեկ օր անց գծանմուշները կարվեն եւ ճանապարհը կբացվի»,- նշեց ընկերության տնօրեն Սուրեն Սահակյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ի վաղ առավոտյան Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարահատվածում տեղի էր ունեցել մասնակի փլուզում։ Ճանապարհը մինչ օրս շարունակում է երկկողմանի փակ մնալ: