Սյունքի մարզի Կապան քաղաքի Կավարտ հանքավայրից դեղնադարչնագույն երանգի արտադրական ջրերի հոսելու պատճառն այն է, որ հանքը կառուցելիս հնարավոր ռիկսերը հաշվի չեն առնվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ բնապահպանական կամավորական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը:
«Եթե ռիսկերը հնարավոր չէ կառավարել, ուրեմն՝ հանքը չպետք է շահագործվի: Բայց քանի որ Հայաստանում երբեւէ չի եղել ռիսկերի գնահատման իրական համակարգ, այսպիսի հանքեր կան ու կլինեն: Այս խնդիրը նոր չէ, նման բան պարբերաբար կրկնվում է: Կավարտի հանքավայրի շահագործումը դադարել է տասնյակ տարիներ առաջ, 2009 թվականին փորձել են այն կրկին շահագործել, սակայն կարճ ժամանակ անց կրկին դադարեցրել են, եւ հանքը մինչ օրս մնացել է անտեր, ու որեւէ մեկը պատասխանատվություն չի կրել դրա համար»- նշեց Գալստյանը:
Լեւոն Գալստյանի կարծիքով՝ այս փուլում արդեն կանխել խնդիրը շատ բարդ եւ ժամանակատար աշխատանք է պահանջում. «Պետության համար միայն մաքրման կայաններ դնելը կարող է տարեկան մեկ միլիոն դոլարից դոլար արժենա»:
Ըստ Լեւոն Գալստյանի՝ տարիներ շարունակ ձգվող այս վիճակը շատ ծանր է ազդում Կապանի էկոլոգիական հանքավայրի վրա:
«Հանքավայրը մարդկանց վրա նույնպես կարող է ունենալ վատ ազդեցություն: Մարդիկ քայլում են քաղաքով, շնչում օդը, ի վերջո ուտում են գյուղատնտեսական մթերք, որն աճեցված է այդ տարածքում: Դուրս նետված ծանր մետաղը նստում է քաղաքի շատ վայրերում, հետո դառնում փոշի եւ քամու միջոցով մտնում մարդու օրգանիզմ»,- ընդգծեց Լեւոն Գալստյանը:





























