Երկու օր առաջ լրացել էր Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը, և նա դուրս է եկել կալանավայրից. այսօր՝ ժամը 14:00-ին կրկին դատական նիստ է նշանակված։ Ակնհայտ է, որ այս շտապողականության նպատակը Ավետիքին կրկին կալանավորելն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը:

Նա նաեւ նշել է. «Ավետիքը երկու օր է, ինչ ազատության մեջ է։ Նա չի փախել ու չի փախչելու։ Նախաքննությունն էլ վաղուց ավարտվել է ու դրա ընթացքին խոչընդոտելու խնդիր չկա։

Ուստի մարդուն կալանավորելու համար ափալ-թափալ դատական նիստ նշանակելը կրկին անգամ վկայում է նրան քաղաքական նկատառումներով պատժելու ցանկության մասին։ Իսկ ԵՄ ներկայացուցիչն ասում էր՝ չի կարծում, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կան»։

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կալանավորված էր մայիսի 14-ին։ Հուլիսի 11-ին կալանքի ժամկետը երկարացրել էր ևս 15 օրով, որը լրանալուց հետո՝ հուլիսի 27-ին ազատ արձակվեց։

«Դատալեքս»-ում հրապարակված մեղադրական եզրակացությունն այպիսին է. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»: