Տառացիորեն մեկ ժամ առաջ, Հայաստանի գործող իշխանությունների ուղիղ հրահանգով, դատարանը, ուղիղ եթերում, ծայրահեղ ապօրինի որոշում կայացրեց նորից ազատությունից զրկել ինձ, տառացիորեն մեկ շաբաթ ազատության մեջ գտնվելուց հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Նա նաեւ նշել է. «Այս որոշումը աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում, թերևս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության, և օրենքի պահանջների կոպիտ խախտման պայմաններում:
Այս անհեթեթ գործողությունը ցույց է տալիս, թե որքան է գործող վարչախումբը սարսափում իր սկզբունքային ընդդիմախոսներից, և ինչ աղաղակող ապօրինությունների է այն պատրաստ գնալ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու նպատակով: Սակայն և ոչ մի ապօրինություն ի զորու չի շեղելու մեզ մեր նպատակից՝ կառուցելու ազատ ու հզոր երկիր, և արդար հասարակարգ բոլորիս համար: Մեր պայքարը շարունակվում է և միայն նոր թափ է ստանալու, մինչ այդ ես շնորհակալություն եմ հայտնում մեր բազմաթիվ արժանապատիվ քույրերին և եղբայրներին, որոնք այս օրերին գտնվեցին մեր կողքին, և իրենց ներկայությամբ և սկզբունքային դիրքորոշմամբ, ուժ և վճռականություն տվեցին մեզ շարունակելու մեր պայքարը:
Աստված պահապան բոլորիս»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր դատարանը երեք ամսով կալանավորման որոշում կայացրել Ավետիք Չալաբյանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ՝ օգոստոսի 1-ի նիստում, Չալաբյանի պաշտպանները դատավոր Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին, որը մերժվեց։
Նշենք, որ Չալաբյանը մեղադրվում է ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ուսանողներին նյութապես շահագրգռելու մեջ։
Նա մայիսի 14-ին կալանավորվեց, ապա կալանքը երկարացվեց եւս 15 օրով։ Հուլիսի 27-ի երեկոյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։
Մեղադրական եզրակացության համաձայն. «Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար»:





























