WikiLeaks կայքը հրապարակել է Երեւանում ԱՄՆ-ի դեսպանության 2006 թ. մայիսի 9-ի հեռագիրը, որտեղ նշվում է, որ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ի պետքարտուղարի նամակի ազդեցության ներքո որոշում է ընդունել չօժանդակել Իրանին մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհուրդ մուտք գործելու առթիվ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրթյանը մայիսի 6-ին զանգահարել է առաքելության ղեկավարի տեղակալին եւ հայտնել, որ նախարար Օսկանյանը վերջնականապես ընդունել է ԱՄՆ-ի կառավարության որոշումը` չօժանդակել Իրանի դիմումին` մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի խորհրդում տեղ ստանալու առթիվ: Բայբուրթյանը հայտնել է, որ Վիլնյուսի խորհրդաժողովից վերադառնալուց հետո Օսկանյանի ընդունած որոշման վրա ազդել է պետքարտուղարի նամակը»:
2008 թ. հունվարի 24-ի մեկ այլ հեռագրում նշվում է, որ ԱՄՆ դեսպանությունը խնդրել է Իրանի եւ Աֆղանստանի հարցով Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Գառնիկ Բադալյանին ուշադիր լինել իրանական «Մելլաթ» բանկի ֆինանսական գործողությունների մոնիթորինգի ժամանակ եւ տեղյակ պահել նրանց մասին, որոնք խախտում են ՄԱԿ-ի պատժամիջոցները:
Հեռագրում ասված է հետեւյալը.
«Քաղաքական հարցերով աշխատակիցը 2008 թ. հունվարի 16-ի երաշխավորական հեռագիր է ուղարկել. ոչ պաշտոնական փաստաթուղթ` ուղղված Իրանի եւ Աֆղանստանի հարցով Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Գառնիկ Բադալյանին: Քաղաքական հարցերով խորհրդականը քննարկում է Իրանի ընթացիկ ջանքերը` ուղղված իր հարեւան երկրների հետ համատեղ բանկային ձեռնարկությունների ստեղծմանը` ՄԱԿ-ի պատժամիջոցներին դիմակայելու համար:
Քաղաքական հարցերով խորհրդականը խնդրել է, որ Հայաստանի ԱԳՆ-ը խորհորդ տա Հայաստանի Կենտրոնական բանկին հավելյալ զգոնություն դրսեւորել Երեւանում իրանական «Մելաթ» բանկի ֆինանսական գործողությունների նկատմամբ: Բադալխանը խնդրել է ավելի ստույգ տեղեկատվություն տրամադրել «Մելաթ»-ի ոչ ազնիվ գործունեության վերաբերյալ եւ նշել, որ հաշվի կառնի դեսպանության խնդրանքը»:




























