Մայրաքաղաքի՝ շուրջ 20 հազար բնակչություն ունեցող արվարձաններից Քանաքեռը, այսօր հանգստի գոտիների հետ կապված խնդիրներ ունի. Տարիների ընթացքում առկա տարածքները կամ մասնավորեցվել են որոշ բնակիչների կողմից, կամ ապօրինի ցանկապատվել ու դարձել զավթած հողամասեր:
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ով այցելել է Քանաքեռ, հանձնարարել է հանդիպումների ընթացքում գույքագրել բոլոր խնդիրներն ու փուլ առ փուլ լուծումներ տալ դրանց:
«Հասկանում եք՝ որն է ամենանպատակահարմարը, ինչ ծավալի խնդիր կա, ովքեր են սեփականատերերը, եթե կարողանում ենք պայմանավորվել ջենթլմենական, շատ լավ է, եթե չենք կարողանում, հանրային շահը գերակա է: Այսինքն եթե այգի չկա, ուրեմն այգի պետք է լինի: Ինչ-որ մեկի բուդկան չի կարա ավելի կարեւոր լինի, քան ամբողջ Քանաքեռի համար այգու հարցը»,-ասաց նա:
Անդրադառնալով վերելակների փոխարինմանը, Ավինյանը նշել է, որ այս տարի փոխարինվում են այնքան, որքան վերջին երեք տարիներին է եղել. «Այսինքն մոտավորապես 500 վերելակ է փոխվելու այս տարի: Երեւանի վերելակային ֆոնդն ամբողջությամբ մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ թարմացվելու է»,-ընդգծեց Ավինյանը:



























