Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել լրատվամիջոցների մասին օրենքը, որը ազատազրկում է սահմանում «ապատեղեկատվություն» տարածելու համար, որը նա անվանել է աննախադեպ գրաքննություն, հաղորդում է Reuters-ը։

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած օրենքը հինգշաբթի հավանության է արժանացել խորհրդարանի կողմից եւ երեքշաբթի օրը հրապարակվել է երկրի պաշտոնական տեղեկագրում՝ ավարտին հասցնելով օրենսդրական գործընթացը:

Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խորհրդարանում իր կուսակցության պատգամավորներին ասել է, որ ԺՀԿ-ն դիմել է դատարան՝ խնդրելով դադարեցնել օրենքի ամենավիճահարույց 29-րդ հոդվածի կատարումը, որը վերաբերում է ազատազրկմանը։

Այնուհետեւ նա երկրի բարձրագույն դատարանից կպահանջի չեղյալ համարել ամբողջ օրենքը, որը, ըստ կառավարության, նպատակ ունի կարգավորել առցանց հրատարակությունը, պաշտպանել երկիրը եւ պայքարել ապատեղեկատվության դեմ:

Իրավապաշտպան կազմակերպությունները եւ Թուրքիայի արեւմտյան դաշնակիցներն ասում են, որ օրենքի «կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն» անորոշ ձեւակերպումը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել դատարանների կողմից եւ կարող է օգտագործվել իշխանություններին քննադատողներին պատժելու համար:

ԱԶԿ-ն հերքել է քննադատությունը եւ հայտարարել է, որ դեմ է գրաքննությանը՝ հավելելով, որ օրենքը նպատակ ունի պաշտպանել բոլորին կեղծ մեղադրանքներից սոցցանցերում: