Նոր իրողություններում անհրաժեշտ է ուղղել միգրացիոն քաղաքականության ներկայիս հայեցակարգը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Հարգելի գործընկերներ, իսկ հիմա անցնենք Անվտանգության խորհրդի նիստի օրակարգին։ Քննարկենք միգրացիոն քաղաքականության որոշ հարցեր։ Այս ոլորտը չափազանց զգայուն է ազգային անվտանգության, Ռուսաստանի եւ մեր հասարակության կայուն զարգացման համար։ Իրավիճակն աշխարհում դինամիկ փոխվում է, առաջանում են նոր գլոբալ և տարածաշրջանային գործոններ, որոնք ազդում են միգրացիոն ոլորտի վրա»,- ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ ժողովին ասել է Պուտինը։

Այս կապակցությամբ, ընդգծել է նա, «անհրաժեշտ է ժամանակին եւ արդյունավետ արձագանքել այդ փոփոխություններին, կատարելագործել մեր աշխատանքը՝ ելնելով նոր իրողությունների մանրակրկիտ վերլուծությունից»։

«Այսպիսով, ակնհայտ է, որ հարկավոր է  ուղղել միգրացիոն քաղաքականության ներկայիս հայեցակարգը», - նշել է Պուտինը՝ հավելելով, որ այն պետք է ամբողջությամբ հաշվի առնի ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ մարտահրավերների ամբողջ համալիրը եւ հիմք դառնա օրենսդրության հետագա կատարելագործման համար: