Պերդյուի համալսարանի քիմիկոսներն ապացուցել են, որ օրգանական միացություններն առաջանում են ոչ թե ջրում, այլ ջրի ու օդի սիմբիոզի արդյունքում։ Հետազոտողների աշխատանքը վերջերս հրապարակվել է PNAS ամսագրում:

Հետազոտողների թիմը պարզել է, որ միկրոկաթիլներում ամինաթթուները շատ ավելի արագ են վերածվում պեպտիդների, քան սովորական լուծույթներում, քանի որ դրանք չեն պահանջում կատալիզատորներ, բարդ օրգանական բաղադրիչներ, ճառագայթում կամ լրացուցիչ էլեկտրական լիցքաթափում:

Գիտնականների կարծիքով՝ ամինաթթուներից կարելի է ստանալ սպիտակուցներ, իսկ հետո առաջին կենդանի բջիջը, որն ունակ է ինքնավերարտադրման։ Նրանց կարծիքով, նախկինում պեպտիդների սինթեզի համար առավել բարենպաստ պայմաններ կարող էին առաջանալ, մասնավորապես, ծովի ալիքներից ձեւավորված մանրադիտակային կաթիլների մակերեսին, այսինքն, փաստորեն, ջրի եւ օդի բաժանարար սահմանին: Հենց այստեղ կարող էր առաջանալ յուրահատուկ միջավայր, որը թույլ է տվել հաղթահարել ջրի մեջ բիոմոլեկուլների խտացման եւ պոլիմերացման հետեւանքով առաջացած էներգետիկ խոչընդոտը։

Ինչպես պարզաբանել են գիտնականները, իրենց հայտնագործությունը կարող է օգտակար լինել ոչ միայն որպես տեսական հիմնավորում, այլեւ բավականին գործնական նպատակներով։ Օրինակ՝ բարդ օրգանական նյութերի սինթեզը եւ նոր դեղամիջոցների մշակումը արագացնելու համար։