Յուկատան նահանգում՝ մայաների Ուշմալ մեծ քաղաքի ավերակներում հնագետներն առեղծվածային երկկողմանի քարե կոթող են հայտնաբերել։ Նա այն նույն տեղում է եղել, որտեղ տեղադրել են նախագաղութային շրջանում։ Այս մասին գրում է «Российская газета»-ն՝ հղում անելով Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտին (INAH):
Քարի երկու կողմերում գտնվող ռելիեֆային պատկերները հազվագյուտ երեւույթ են։ Մի կողմը նայում է դեպի հյուսիս, մյուսը՝ հարավ։
Հարավային կողմում տղամարդու աստվածություն է՝ փետուրներով եւ բուի գլխով զարդարված լայներիզ գլխարկով։ Նրա ձեռքերին ապարանջաններ են, իսկ ոտքերին ու կոնքերին՝ կապիչներ։ Ուսերին ցանցային թիկնոց է։ Աստվածության ձախ ձեռքում գավազան է, իսկ աջում՝ ինչ-որ փաթեթ: Հնագետները դեռ չեն բացատրել, թե դա ինչ աստված է։
Քարի հյուսիսային կողմում պատկերված է մեծ աչքերով աստվածուհի։ Նա կրում է երեք շարք մարգարիտներով կրծքազարդ, ապարանջաններ եւ մինչեւ հատակը հասնող ցանցավոր կիսաշրջազգեստ։ Նրա ձախ ձեռքին կետցալ է՝ իշխանության խորհրդանիշ։ Աստվածուհուն պատկերելը մայաների մոտ կարող էր մահվան հետ կապված լինել:




























