Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ տեղի է ունեցել ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի միջուկային հարված հասցնելու զորավարժանք, գրել է ՌԲԿ-ն։
«Անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կառավարման զորավարժանք, որի ընթացքում հղկվելու են ռազմավարական հարձակողական ուժերի կողմից՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի, միջուկային հարված հասցնելու խնդիրները»,- ասել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զորավարժանքների ժամանակ։
Կրեմլը տեղեկացրել է, որ զորավարժանքները զսպման ցամաքային, ծովային եւ ավիացիոն ռազմավարական ուժերի մասնակցությամբ ավարտվել են։ Դրանց ընթացքում Կամչատկայի Կուրա զորադաշտում արձակվել են «Յարս» եւ «Սինեւա» բալիստիկ հրթիռներ։
«Կամչատկայի Կուրա զորադաշտում Պլեսեցկի պետական փորձնական տիեզերակայանից արձակվել են «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ եւ «Սինեւա» բալիստիկ հրթիռներ Բարենցի ծովի ջրավազանից։ Խնդիրների իրականացմանը ներգրավվել են նաեւ հեռահար ավիացիայի Ту-95МС ինթնաթիռներ, որոնք կատարել են օդային բազավորման թեւավոր հրթիռների արձակումներ»,- նշվել է Կրեմլի կայքում։ Զորավարժանքների ժամանակ ստուգվել են ռազմական կառավարման մարմինների պատրաստվածության մակարդակը, ղեկավար եւ օպերատիվ կազմի աշխատանքի հմտությունները։
Կրեմլը հայտարարել է, որ բոլոր հրթիռները հասել են թիրախներին եւ հաստատել բնութագրերը, առաջադրանքները կատարվել են լրիվ ծավալով։
Պենտագոնի մամուլի քարտուղար Փատ Ռայդերը նախօրեին տեղեկացրել էր, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին իրազեկել է միջուկային ռազմավարական ուժերի «Գրոմ» զորավարժանքների անցկացման պլանների մասին, դրանք անցկացվում են ամեն տարի։ Նա ավելացրել է, որ Վաշինգտոնը որեւէ վկայություն չունի այն մասին, որ Մոսկվան պատրաստվում է միջուկային զենք կիրառել։
Անցած անգամ ռազմավարական զսպման զորավաժությունները (ներառում են հիպերձայնային եւ միջուկային զենք)՝ բալիստիկ հրթիռների արձակմամբ, տեղի էին ունեցել փետրվարի 19-ին։ Պուտինը դրանց հետեւել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միասին։ Փետրվարի 27-ին Ռուսաստանի նախագահը հրամայել էր պաշտպանության նախարարությանը՝ զսպման ռուսական ուժերը մարտական հերթապահության հատուկ ռեժիմիի բերել։ Դա արվել էր «ՆԱՏՕ-ի երկրների բարձրաստիճան անձանց ագրեսիվ արտահայտություններին» ի պատասխան։
Երկու անգամ էլ ՌԴ-ն ԱՄՆ-ին տեղեկացրել է զորավարժություններ անցկացնելու պլանների մասին։ Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Պենտագոնում հայտարարել են, որ հետեւելու են մանեւրներին։ Սեպտեմբերին Վլադիմիր Պուտինը խոսել էր Ռուսաստանի՝ միջուկային զենք կիրառելու իրավունքի մասին, եթե նրա տարածքային ամբողջականությունը ենթարկվի սպառնալիքի։ Եվրամիությունում սպառնացել էին, որ Ուկրաինայի վրա միջուկային հարձակումը «պատասխանի կարժանանա», որի հզորությունը «ռազմական տեսակետից մեծ կլինի», հիշեցրել է «КоммерсантЪ»-ը։
Հոկտեմբերի 17-30-ը ՆԱՏՕ-ի 14 մասնակից երկրների ռազմաօդային ուժերը Steadfast Noon միջուկային զսպման զորավարժություններ են անցկացնում։ Դրանց մասնակցում է 60 ինքնաթիռ, մանեւրները տեղի են ունենում Բելգիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային ծովի երկնքում։
Ուկրաինայում մարտական գործողությունների եւ փոխադարձ հակասությունների ընդհանուր շատ բարձր մակարդակի հաշվառմամբ՝ ռազմավարական հարձակողական ուժերի զորավարժություններն արժանանում են մեծ ուշադրության։ «Ռուսական կողմից ընդգծվում է ռազմավարական միջուկային ուժերի մարտական օգտագործման պատասխան եւ կենտրոնացված բնույթը, օգտագործվել է ռազմավարական տրիադան, բայց, որքանով որ հնարավոր է դատել, արձակումների քանակը բավական սահմանափակ էր»,- նշել է ՌԳԱ Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Միջազգային անվտանգության կենտրոնի փորձագետ Դմիտրի Ստեֆանովիչը, գրել է «Ведомости»-ն։
Բայց անցկացված զորավարժությունների «նորմալությունը» չի նշանակում, թե դրանք անցկացվել են նպաստավոր իրադրությունում, շարունակել է փորձագետը՝ համեմատելով մթնոլորտը 1962թ. Կարիբյան ճգնաժամի եւ ՆԱՏՕ-ի 1983թ. Able Archer զորավարժությունների հետ։ Ուստի, բոլոր ընթացակարգերի եւ իրազեկումների կիրառումը, ինչն արվել է ռուսական կողմից, թույլ է տալիս բացառել աղետները, եւ միջուկային վտանգի նվազման միջոցները պետք է կիրառել մշտական հիմքով։ Դրանով շարունակում են զբաղվել հատուկ կառույցները Մոսկվայում (Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում) եւ ԱՄՆ-ում (պետդեպարտամենտում)՝ միջուկային վտանգի նվազման կենտրոններում, պարզաբանել է Ստեֆանովիչը։




























