Ավստրալիան կառավարական հետաքննություն է սկսել գեյերի հանդեպ ատելության հողի վրա 40 տարվա մահվան դեպքերի կապակցությամբ, հայտնում է AP-ը:
ԼԳԲՏ-ի հանդեպ ատելության հողի վրա հանցագործությունները հետաքննող հատուկ հանձնաժողովն «իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում»,- ասել է փաստաբան Փիթեր Գրեյը, որն օգնել է հետաքննությանը Սիդնեյում լսումների սկզբում: «Այս հատուկ հանձնաժողովը, լույս սփռելով այն ամենի վրա, ինչ հայտնի է եւ հնարավոր է իմանալ տեղի ունեցածի մասին, կձգտի ճշմարտության որոշակի ճանաչում ապահովել»,- հավելել է նա:
Սիդնեյում գեյերի հանդեպ բռնությունը հատկապես տարածված է եղել 1980-ականների կեսերից մինչեւ 1990-ականների սկիզբը՝ ՁԻԱՀ-ի համաճարակի հետեւանքով առաջացած թշնամանքի եւ վախի աճի պատճառով:
1976-2000 թվականներին Նոր Հարավային Ուելսում 88 մահվան դեպքերի գրեթե կեսը տեղի է ունեցել նույնասեռականների դեմ ատելության եւ նախապաշարմունքների պատճառով:
Նրանց թվում է 27-ամյա լոսանջելեսցի մաթեմատիկոս Սքոթ Ջոնսոնը, որի մահվան ելքով անկումը Սիդնեյի ժայռի գագաթից 1988 թվականին ոստիկանների կողմից ի սկզբանե ինքնասպանություն է որակվել:
Նրան սպանող 52-ամյա Սքոթ Ուայթը մայիսին դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ սպանության մեջ իրեն մեղավոր ճանաչելուց հետո։ Ջոնսոնի սպանությունը մի քանի կասկածելի մահերից մեկն էր, որոնք 2000-ականների սկզբից լուսաբանվել էին ավստրալական ԶԼՄ-ներում՝ ԼԳԲՏ-ի հանդեպ բռնությունների մասին հաղորդագրություններում:
1958-ին Նոր Հարավային Ուելսի ոստիկանության այն ժամանակվա կոմիսար Քոլին Դելանին նույնասեռականությունը Ավստրալիայի «ամենամեծ սոցիալական սպառնալիք» էր անվանել: Պետությունը նույնասեռական սեքսը 1984 թվականին է ապաքրեականացրել։
Հետաքննությունը նաեւ ուսումնասիրել է Նոր Հարավային Ուելսում ավելի քան 700 չբացահայտված սպանությունների եւ ավելի քան 500 անետ կորածների մասին 1970-2010 թվականների փաստաթղթերը՝ գեյերի դեմ ատելության եւ գեյերի հանդեպ կանխակալ վերաբերմունքի հողի վրա հնարավոր սպանությունների համար:
Հետաքննությունը արդյունքների մասին պետք է հայտնի մինչեւ հաջորդ տարվա հունիսի 30-ը։ Գրեյը կոչ է արել բոլորին, ով տեղեկություն ունի կասկածելի ԼԳԲՏ մահերի մասին, հայտնել հետաքննությանը:




























