Հին Հունաստանի Տրոադ շրջանի կարեւորագույն քաղաքներից մեկում՝ Պարիոնում, մոր ու նորածնի 2000-ամյա գերեզման է հատնաբերվել։ Այսօր հնագույն քաղաքի կենտրոնը գտնվում է Թուրքիայի Չանաքքալե նահանգի Բիգա շրջանի Քեմեր գյուղում։ Այստեղ համակարգված պեղումները սկսվել են 2005 թվականին, հայտնում է Arkeonews-ը։

Պարիոն հնագույն քաղաքի հնագիտական հետազոտությունները, պեղումները եւ վերականգնումն իրականացվում են Օնդոկուզ Մայիսի համալսարանի հնագիտության ամբիոնի պրոֆեսոր Վեդատ Քելեշի գլխավորած խմբերի կողմից:

Պրոֆեսոր Վեդատ Քելեշը պատմել է, որ պեղումների ժամանակ հայտնաբերվել է կնոջ եւ երեխայի գերեզման, ընդ որում՝ մահվան պահին երեխան ընդամենը 9-11 ամսական է եղել։ Գիտնականը հայտնել է նաեւ, որ հնագիտական աշխատանքներ են տարվում հինավուրց քաղաքի չորս թաղամասերում։

«Մենք հռոմեական բաղնիքի, թատրոնի, ագորայի եւ վաճառականի կրպակի պեումներ ենք կատարում, բացի այդ, աշխատանքներ են տարվում հարավային գերեզմանոցում։ Այս պահին մենք արդեն նկարագրել ենք հարյուր բացահայտումներ եւ կատարել շուրջ հազար վերլուծություններ ու ուսումնասիրություններ։ Պեղումների ավարտից հետո հայտնաբերված բոլոր արտեֆակտները կտեղափոխվեն Տրոյայի թանգարան»,- ասել է պրոֆեսորը։

Հնագետները պարզել են, որ քաղաքի հարավային գերեզմանոցը օգտագործվել է մ.թ.ա. 6-րդ դարից մինչեւ մ.թ. 4-րդ դարը։

«Այս տարվա աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է շուրջ 25 գերեզման։ Վերջին երկուսն առավել կարեւորն են, քանի որ այստեղ դիակիզված աճյուններ են թաղված։ Գերեզմանոցում մենք նաեւ գտանք կավե տարատեսակ անոթներ, արցունքների համար շշեր եւ երկու չխկչխկան խաղալիք։ Այս գտածոները շատ կարեւոր են մեզ համար, քանի որ նոր տվյալներ են տալիս թաղման սովորույթների վերաբերյալ»,- հավելել է Վեդատ Քելեշը։

Նա նաեւ ասել է, որ գերեզմանոցի տարածքում եղել են այս տարածաշրջանին եւ ժամանակաշրջանին ոչ բնորոշ աղյուսից դամբարաններ։ Անսովոր գտածոների թվում են հանգուցյալի բերանում հայտնաբերված մետաղադրամները։ Դրանք, հավանաբար, նախատեսված են եղել որպես տուրք Քարոնին՝ Ստիքս գետով տեղափոխող առասպելական նավավարին: