Հավայայի համալսարանի (Մանոա) գիտնականները պարզել են, որ մինչեւ 2100 թվականը ծիածանները միջինը 5 տոկոսով ավելի հաճախ կհայտնվեն մեր տեսադաշտում՝ կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով, բայց որոշ շրջաններում կդառնան հազվադեպ։ Հետազոտությունը հրապարակվել է Global Environment Change-ում։
Հեղինակներն օգտագործել են ծիածանի տասնյակ հազարավոր լուսանկարներ՝ վերցված լուսանկարների փոխանակման Flickr կայքից։ Նրանք ընտրել են այն լուսանկարները, որտեղ նշված է եղել դրանց գտնվելու վայրը, իսկ հետո յուրաքանչյուրը համեմատել են տեղումների քարտեզի, ամպերի եւ ծիածանի առաջացման ժամանակ Արեւի թեքման անկյան մասին տեղեկությունների հետ։ Այդ տվյալները նրանք օգտագործել են համակարգչային մոդելի համար, որն էլ կանխատեսել է ծիածանների առաջացման հաճախակիությունը՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունը։ Պարզվել է, որ մոլորակի շրջանների 21-34 տոկոսն ավելի քիչ ծիածանային օրեր կունենա, իսկ 66-79 տոկոսը՝ ավելի շատ։
Մոդելը ցույց է տվել, որ ծիածանային օրերի թվաքանակն ամենից շատ ավելանում է քիչ բնակեցված շրջաններում, որոնք գտնվում են մեծ բարձրություններում եւ ավելի բարձր լայնություններում, ինչպիսին է Տիբեթի լեռնաշղթան։ Ամենածիածանաշատ վայրեր են մնում կղզիները, օրինակ՝ Հավայան կղզիները։
Բայց հոծ բնակեցված եւ ծխապատ շրջաններում, ինչպես նաեւ այն տեղերում, որտեղ երաշտ օրերը շատ են, իսկ տեղումները՝ քիչ, ծիածանները կսկսեն հազվադեպ հանդիպել. սա հիշեցում է այն մասին, թե ինչ կարող են մարդիկ կորցնել կլիմայի փոփոխության պատճառով։
Հեղինակների կարծիքով՝ արժեր, որ հետազոտողներն ավելի շատ ուշադրություն դարձնեին այն երեւույթներին, որոնք կարող են ազդել մեր բարեկեցության վրա ավելի նուրբ միջոցներով, քանի որ դրանք կարող են մարդկանց համոզել ավելի շատ հոգալ շրջակա միջավայրի մասին։




























