Վերաքննիչ քրեական դատարանում երեք տարի առաջ Զոդի կամուրջի վթարի գործով պաշտպանական կողմի բողոքի քննությանն՝ այսօր նոյեմբերի 7–ին, մեղավոր ճանաչված Սողոմոն Հակոբյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը միջնորդեց փոխել պաշտպանյալի խափանման միջոց կալանքը եւ ազատ արձակել նրան։
Պաշտպանը նշեց, որ Հակոբյանն արդեն կալանավորված է երեք տարի, չորս ամիս եւ կալանքը վերածվել է ոչ իրավաչափ պատժի։ Ըստ նրա՝ կալանքը չի ծառայում նպատակին, քանի որ վաղուց բոլոր ապացույցները հետազոտվել են եւ անհեթեթ է մտածել, որ Հակոբյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ էլ գործին մասնակցող անձանց վրա ազդեցություն ունենալ, կամ էլ՝ փախչել։
Սողոմոն Հակոբյանն էլ հայտարարեց, թե ինքը հանցանք չի կատարել, վթարը տեղի է ունեցել անզգուշությամբ։
«Իմ հիվանդությունները չեն համապատասխանում այդ պայմաններում կալանք տանել»,- շեշտեց նա։
Դատախազը եւ տուժողների իրավահաջորդներն առարկեցին պաշտպանական կողմի միջնորդությունը։
«Հանցագործը պայքարում է ազատ արձակվելու համար, բայց 7 երիտասարդ է զոհվել, իմ 15 տարեկան աղջիկն է մահացել, ումից ինչ պահանջեմ, պահանջում եմ՝ տվեք աղջկաս, նա պնդում է, թե էդ հիվանդություններով չի կարող կալանքի տակ մնալ, բա էդ հիվանդությունների տեր մարդը մեքենա վարելու իրավունք ունի՞, եթե իրավունք ունի, ուրեմն նա քիլլեր է երթեւեկության համար»,– դիմելով դատարանին՝ ասաց վթարի հետեւանքով մահացած 20-ամյա Աստղիկ Ավետիսյանի հայրը՝ Տիգրան Ավետիսյանը։
Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց մերժել Սողոմոն Հակոբյանին ազատ արձակելու վերաբերյալ պաշտպան Մոնիկա Մարգարյանի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանին դատապարտել է 6 տարի 6 ամսվա ազատազրկման։ Պաշտպան Մոնիկա Մարգարյանը դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը, վարույթ ընդունել բողոքն ու բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, արդարացնել Սողոմոն Հակոբյանին եւ հռչակել վերջինիս անմեղությունը հանցանքի կատարման մեջ։
Հիշեցնենք՝ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Սողոմոն Հակոբյանն իր վարած «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայով ընթանալով Երեւան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում. ավտոմոբիլը դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս եւ իրականացնելով ձախակողմյան երթեւեկություն, իր վարած ավտոմեքենան բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող Վաչագան Ասլանյանի վարած «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենային, որի արդյունքում տեղի է ունեցել պատահարը, որից անմիջապես հետո «Գազելի» հետնամասին է բախվել Կարեն Նուրիջանյանի վարած «Վազ-21063» ավտոմեքենան առաջամասով եւ նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետեւանքով «Գազելի» շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել «Գազելում», որը տարածվել է մյուս երկու ավտոմեքենաներում եւ վթարի ու դրա հետեւանքով գազի համակարգից արտահոսած գազից առաջացած հրդեհի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է «Գազելի» վարորդ 1962թ. ծնված Վաչագան Ասլանյանի եւ վերջինիս ուղեւորներ 1965թ. ծնված Անահիտ Բաբայանի, 2003թ. ծնված Արմանի Բադալյանի, 1996թ. ծնված ժենիկ Սմբատյանի, 1999թ. ծնված Աստղիկ Ավետիսյանի, 1964թ. ծնված Սոֆյա Ոսկանյանի, 1999թ. ծնված Ծաղիկ Համբարձումյանի մահը, իսկ 1984թ. ծնված Ռուզաննա Հակոբյանի եւ 1991թ. ծնված Գագիկ Ղուկասյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 2006թ. ծնված Արսեն Միքայելյանի եւ 2011թ. ծնված Նարե Գրիգորյանի առողջությանը պատճառվել միջին ծանրության վնաս:
«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):
Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։




























