Զոդի կամուրջի վթարի գործով մեղավոր ճանաչված Սողոմոն Հակոբյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանի համոզմամբ՝ Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանը օրենքի մի շարք նորմերի խախտումներով է դատավճիռ կայացրել եւ խիստ պատիժ է կիրառել Սողոմոն Հակոբյանի նկատմամբ։

«Սողոմոն Հակոբյանի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլեւ՝ անորոշ, մեղադրանքի փաստական մասը չի համապատասխանում մեղադրանքի իրավական մասին»,– այսօր Վերաքննիչ քրեական դատարանում իր կողմից ներկայացված բողոքի քննությանն ասաց Սողոմոն Հակոբյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։

Պաշտպանի հիմնավորմամբ՝ տուժողները մահացել են ոչ թե Սողոմոն Հակոբյանի կողմից «Գազելին» հարվածելու հետեւանքով ստացված վնասվածքներից, այլ հրդեհից ստացված վնասվածքներից։

«Իմ պաշտպանյալն էլ իր ցուցմունքներում նշել է, որ շատ արագ մեքենան չի վարել, այո, հանդիպակաց երթեւեկելի գոտի է դուրս եկել եւ հարվածը ուժգին չի եղել։ Եթե հրդեռ չբռնկվեր, գուցե ընդամենը «Գազելի» վարորդը ինչ–որ վնասվածքներ ստանար, մինչդեռ քննությամբ ձեռքբերված ապացույցների համաձայն պարզվել է, որ բռնկված հրդեհից են մահացել տուժողները, մի քանիսն էլ մարմնական վնասվածքներ ստացել»,– ասաց Մոնիկա Մարգարյանը։

Պաշտպանը պնդեց, թե Սողոմոն Հակոբյանին մեղադրվող նոր Քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 3–րդ մասով սահմանված արարքի կատարումը վերջինիս կողմից ապացուցված չէ, ուստի դատարանը խախտել է ապացույցների գնահատման կանոնը, քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ հոդվածների պահանջները եւ սխալ հետեւություններ արել՝ Սողոմոն Հակոբյանի մեղքը ապացուցված համարելով։

Լսելով պաշտպանական կողմի բողոքի բացատրությունները՝ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել՝ դատարանի աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6–ին, ժամը 15։00–ին։

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանին դատապարտել է 6 տարի 6 ամսվա ազատազրկման։ Պաշտպան Մոնիկա Մարգարյանը դատավճռի դեմ բողոք էր ներկայացրել՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը, վարույթ ընդունել բողոքն ու բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, արդարացնել Սողոմոն Հակոբյանին եւ հռչակել վերջինիս անմեղությունը հանցանքի կատարման մեջ։

Հիշեցնենք՝ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Սողոմոն Հակոբյանն իր վարած «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայով ընթանալով Երեւան-Մեղրի ավտոճանապարհով դեպի Երեւան քաղաք, Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կամրջի ավտոճանապարհահատվածում իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ եւ վտանգավոր կառավարում. ավտոմոբիլը դուրս բերելով հանդիպակաց ուղղության երթեւեկելի ուղեմաս եւ իրականացնելով ձախակողմյան երթեւեկություն, իր վարած ավտոմեքենան բախվել է այդ ուղեմասով դեպի Երասխ ընթացող Վաչագան Ասլանյանի վարած «Գազել» մակնիշի երթուղային ավտոմեքենային, որի արդյունքում տեղի է ունեցել պատահարը, որից անմիջապես հետո «Գազելի» հետնամասին է բախվել Կարեն Նուրիջանյանի վարած «Վազ-21063» ավտոմեքենան առաջամասով եւ նույն պահին «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի բախման հետեւանքով «Գազելի» շարժիչի տեղամասում գազի համակարգից առաջացած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել «Գազելում», որը տարածվել է մյուս երկու ավտոմեքենաներում եւ վթարի ու դրա հետեւանքով գազի համակարգից արտահոսած գազից առաջացած հրդեհի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է «Գազելի» վարորդ 1962թ. ծնված Վաչագան Ասլանյանի եւ վերջինիս ուղեւորներ 1965թ. ծնված Անահիտ Բաբայանի, 2003թ. ծնված Արմանի Բադալյանի, 1996թ. ծնված ժենիկ Սմբատյանի, 1999թ. ծնված Աստղիկ Ավետիսյանի, 1964թ. ծնված Սոֆյա Ոսկանյանի, 1999թ. ծնված Ծաղիկ Համբարձումյանի մահը, իսկ 1984թ. ծնված Ռուզաննա Հակոբյանի եւ 1991թ. ծնված Գագիկ Ղուկասյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, 2006թ. ծնված Արսեն Միքայելյանի եւ 2011թ. ծնված Նարե Գրիգորյանի առողջությանը պատճառվել միջին ծանրության վնաս:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել է ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։