Իսրայելի Հրեական համալսարանի գիտնականները հայտնաբերել են փղոսկրից սանր, որի վրա քանաներենի հազվագյուտ բարբառով գրություն կա, այն թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 1700 թվականով: Գիտնականների աշխատանքը հրապարակվել է Jerusalem Journal of Archaeology ամսագրում։
Սանրը պեղվել է 2017 թվականին՝ Թել Լախիշ ազգային պարկում, որը գտնվում է Իսրայելի հարավում։ Սանրը երկու կողմից ատամներ ունի՝ մեկն օգտագործվել է մազերի հանգույցները բացելու համար, իսկ մյուսը՝ ոջիլները եւ դրանց ձվերը հեռացնելու համար:
2022 թվականին գիտնականները վերականգնման ժամանակ դրա վրա նկատել են 17 քանանական տառեր։ Ըստ գիտնականների՝ սա այս լեզվով առաջին ամբողջական նախադասությունն է, այն թարգմանվում է այսպես՝ «թող այս ժանիքն արմատախիլ անի ոջիլը մազերից ու մորուքից»։
«Սա քանաներենով առաջին նախադասությունն է, որ երբեւէ գտնվել է Իսրայելում։ Սիրիական Ուգարիտում կան քանանացիներ, բայց նրանք այլ այբուբեն են օգտագործում։ Գրությունը մոտ 3700 տարի առաջ առօրյա գործունեության մեջ, այլ ոչ միայն փաստաթղթերում քանանական այբուբենի օգտագործման ուղղակի ապացույց է: Սա լուրջ հանգրվան է գրի պատմության մեջ»,- նշել են գիտնականները։
Քանանական լեզուները սեմական լեզուների ենթաընտանիք են, որոնցով խոսել են հին Քանանի ժողովուրդները՝ հրեաները, ամորացիները, մովաբացիները, եդոմացիները, փյունիկացիները եւ կարթագենացիները: Լեզուների մեծ մասն այժմ մեռած է։ Սանրի վրա փորագրված նախադասությունը գրված է քանանական լեզուներից մեկի բարբառով, բայց թե որով՝ չի նշվում։




























