ԱՄՆ-ի բնակիչները սկսել են զանգվածաբար բռնել եւ լիզել Կոլորադոյի դոդոշներին երկրի ազգային պարկերում։ Այս մասին հայտնում է DailyMail-ը՝ հղում անելով ԱՄՆ ազգային պարկերի ծառայությանը, որը զգուշացրել է ամերիկացիներին զերծ մնալ նման գործողություններից։
Կոլորադոյի դոդոշն ԱՄՆ-ում ամենամեծերից է: Նրա գլխի երկու կողմում կան մեծ գեղձեր, որոնք թունավոր նյութ են արտազատում։ Թույնը պարունակում է 5-MeO-DMT նյութ, որն իր գործողությամբ նման է LSD-ին։ Նախկինում դոդոշի թույնը հնդկացիներն օգտագործել են հալյուցինոգեն ազդեցության հասնելու համար։
«Որքան էլ ախորժելի թվա, պետք է զերծ մնալ ազգային պարկերում դոդոշներին եւ ցանկացած այլ կենդանիներին լիզելուց։ Դա վտանգավոր է ձեր առողջության համար»,- ասվում է ծառայության Facebook-ում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գիտնականներն ընդգծում են, որ թույնն այնքան ուժեղ է, որ կարող է սպանել չափահաս շանը եւ զգալի վնաս հասցնել մարդու առողջությանը՝ առաջացնելով ծանր թունավորում։
Հաղորդվում է, որ ամերիկացիները սկսել են զանգվածաբար դոդոշներ որսալ այն բանից հետո, երբ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Ջո Ռոգանի փոդքաստում պատմել է տոքսինի հետ կապված իր փորձի մասին: Դոդոշի արտադրած թույնն օգտագործած այլ նշանավոր մարդկանցից է Ջո Բայդենի որդի Հանթեր Բայդենը: Նրա խոսքով՝ 5-MeO-DMT-ի օգտագործումն օգնել է իրեն սթափ մտածել ողջ տարվա ընթացքում։




























